«Մարտի 7-ին Մոսկվայի Պուշկինի հրապարակում խստացվել են անվտանգության միջոցառումները»,– հաղորդում է Интерфакс-ը: Գործակալության թղթակցի վկայությամբ՝ հրապարակում հերթապահում է ոստիկանության մի քանի հերթափոխ, ոչ հեռվում կանգնած է ոստիկանական ավտոբուսը և ճանապարհապարեկային ծառայության մեքնեան:
Բացի այդ, հրապարակում տեղադրված են մետաղական ցանկապատեր, իսկ դեպի հրապարակ տանող գետնանցումներում երկուական ոստիկաններ են հերթափոխում: Անվտանգության միջոցառումների ուժեղացումը կապված է հրապարակում մասսայական ակցիաներ անցկացնելու հավանականության հետ:
Մարտի 7-ին Պուշկինի հրապարակում որևէ ակցիա անցկացնելու մասին տեղեկություն չի եղել, սակայն այս հրապարակը վերջին օրերին դարձել է ընդդիմադիր ելույթների կենտրոն: Ընտրությունների հաջորդ օրը` մարտի 5-ին հրապարակում իշխանությունների հետ համաձայնեցված հանրահավաք էր տեղի ունեցել, իսկ մարտի 6-ին ընդդիմադիրները փորձել էին այնտեղ ևս մեկ ակցիա իրականացնել:
Մարտի 5-ի ակցիային մասնակցում էր 14-20 հազար մարդ, ովքեր բողոքում էին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:









































