ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Հարավ-Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի և Կովկասյան երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպի գլխավորած պատվիրակությանը:
ԿԲ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ գործունեությունը, նշելով, որ Հայաստանում իր գործունեության առաջին օրից այն մեծ դեր է ունեցել մեր երկրի տնտեսության կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացնելով տնտեսության իրական հատվածում՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ, մունիցիպալ և բնապահպանական ենթակառուցվածքներ, հեռահաղորդակցություն, և ֆինանսական ոլորտում:
Օ.Դեկամպը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաև Հայաստանի և ՎԶԵԲ միջև վերջին տարիներում ծավալված համագործակցության համար: Նա բարձր է գնահատել ֆինանսական հատվածում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը և ողջունել ԿԲ ջանքերը՝ ուղղված ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանը: Նա նշել է, որ Հայաստանի գործարար միջավայրը և ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը գրավիչ հիմք են ստեղծում ներկայիս համագործակցության հետագա խորացման համար: Օ. Դեկամպը ներկայացրել է ՎԶԵԲ Հայաստանի ռազմավարությունը և գերակա ուղղությունները:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ Ա. Ջավադյանը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում, և ասել, որ Հայաստանի կենտրոնական բանկը պատրաստակամ է շարունակել երկկողմ համագործակցությունը նույն կառուցողական ոճով:











































