Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Բաքվում տեղի ունենալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այդ մասին հաղորդել է Եվրոպական հեռարձակողների միությանը: Իսկ միության ղեկավարն էլ այդ կապակցությամբ հայտնել է, թե խորապես հիասթափված է այդ որոշումից: Իրականում հիասթափություն ապրողը պետք է լինեն հայկական կողմը, Հայաստանի հասարակությունը, մինչև այսօր Բաքվում պահվող հայ ռազմագերիներն ու նրանց հարազատները:
Բանն այն է, որ նրանք պետք է հիասթափվեն այն բանից, որ խոշտանգումների և հայատյացության մայրաքաղաքի վերածված Բաքվում կայանալու է եվրոպական երգի մրցույթ: Այնպես որ՝ Եվրոպական հեռարձակողների միության նախագահ Ջոն Օլա Սանդը շատ իզուր է հիասթափվում. հիասթափվելու փոխարեն ճիշտ կանի իր և իր համախոհների հետ պարզապես մտորի, թե ընդհանրապես ինչի են վերածվում եվրոպական արժեքները, երբ դրանց առնչություն են ունենում այնպիսի երկրներ, ինչպիսին Ադրբեջանն է՝ իր հայատյացության պաշտոնական քարոզչամեքենայով:
Ինչ վերաբերում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, ապա այստեղ, իհարկե, իրավիճակն էլ ավելի զավեշտալի է, որովհետև առնվազն անհասկանալի է, թե ինչու է Հանրայինը նախ՝ ներկայացնում մասնակցության հայտ, իսկ հետո հրաժարվում դրանից: Այսինքն՝ ինչ էին մտածում Հանրայինի ղեկավար կազմում մինչև այսօր, ինչ էին «գցում բռնում» այսքան ժամանակ. Ադրբեջանի հակաեվրոպականության և հայատյացության աստիճա՞նն էին չափում՝ միլիմետրերի ճշգրտությամբ, որ հանկարծ չսխալվեն ու սխալ որոշում չկայացնեն գնալ-չգնալու կապակցությամբ, թե՞ պարզապես սպասում էին, որ Ադրբեջանը «Եվրատեսիլ»-ից առաջ ճանաչելու է, ասենք, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ներողություն է խնդրելու «ավել-պակասի» համար:
Իրականում «Եվրատեսիլ 2012»-ի պատմությունը ի ցույց դրեց Հայաստանի պաշտոնական քարոզչության առաջամարտիկ հանդիսացող հեռուստաընկերության անլրջությունը՝ այն իմաստով, որ բավական հստակ հարցում կողմնորոշվելու համար Հանրայինին պահանջվեց մի քանի ամիս ժամանակ: Իրականում Հանրային հեռուստաընկերությունը Բաքվի «Եվրատեսիլ»-ի մասնակցությունից պետք է հրաժարվեր դեռևս ամիսներ առաջ, ինչի համար կային, մեղմ ասած, բավականաչափ հիմքեր: Դեռևս ամիսներ առաջ Հանրայինը պետք է հստակ ձևակերպեր իր մոտեցումները, Ադրբեջանում «Եվրատեսիլ»-ն անցկացնելու աննպատակահարմարության հիմքերը, իսկ անցկացնելու դեպքում էլ Հայաստանի մասնակցության աննպատակահարմարության հիմքերն ու պատճառները:
Եվ այդ ամենը պետք է արվեր հստակ, մասնագիտորեն և քաղաքական առումով անթերի, հանգամանալից, պարզ, մատչելի, որպեսզի «Եվրատեսիլ»-ով հետաքրքրվող եվրոպական երիտասարդությունը նաև ծանոթ լիներ այն հակաեվրոպական պահվածքին, որ դրսևորում է Ադրբեջանը հայության հանդեպ: Սակայն այդ ամենի փոխարեն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ամիսներ շարունակ լռում էր:
Այդքանից հետո առնվազն կասկածելի է, որ այդ նույն հեռուստաընկերությունը կարող է լուրջ ընկալում ունենալ քարոզչական ճակատի, այսպես ասած, քաղաքական ուղղություններում, որում գրեթե ամեն օր Ադրբեջանի նախագահին ոտքից մինչև գլուխ «օծում» են ցեխով ու գոհ դեմք ընդունում իրենց իսկ քարոզչական հաղթանակներից շոյված: Իրականում այդ ամենի փոխարեն պետք է կարողանալ օգտագործել իրական քարոզչական հակագրոհների առիթները, ինչպիսին հենց «Եվրատեսիլ»-ն էր: Այ, դա օգտագործելը կարող է լինել լուրջ քարոզչական քաղաքականություն, որը կարող էր գտնել իրական, ոչ թե վիրտուալ հասցեատերեր:









































