Մաշտոցի պողոտայում գտնվող, 1952 թվականին կառուցված «Փակ շուկայի» շուրջ ծավալվող իրադարձությունները` նոր սեփականատիրոջ կողմից վերանորոգման, վերականգնման աշխատանքները հակասական գնահատականների, մտահոգությունների առիթ են տալիս:
Մի կողմից շուկայի նախկին առևտրականներն են` իրենց աշխատանքը կորցնելու մտահոգությամբ, մյուս կողմից` շուկայի հարակից տարածքի բնակիչները` իրենց առողջ ու անվտանգ ապրելու պահանջներով: Այստեղ կատարվող աշխատանքների ժամանակ քանդվել էր ծածկը, որի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշված էր. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել է արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքները դադարեցված են և տարածքը վերցված է խիստ հսկողության տակ»: Նշված էր նաև, որ 1952 թվականին կառուցված, արդեն նախկին «Փակ շուկայի» շինությունն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: Այսինքն` կառույցը գտնվում է պետության պաշտպանության ներքո, և ՀՀ օրենքով Մշակույթի նախարարությունը պարտավոր է հետամուտ լինել խնդրի կարգավորմանը…
Քանի որ շուկայի առևտրականների բողոքներին մամուլն արդեն բազմիցս անդրադարձել է, մենք փորձեցինք նաև շուկայի շինարարական աշխատանքների պատասխանատուի և հարակից տարածքի բնակիչների կարծիքները լսել: Նրանցից Ռազմիկ Դավթյանը, որն ապրում է Լեոյի 37 հասցեում` անմիջապես շուկայի հարևանությամբ` «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մենք ապրում ենք շուկայի մոտ և շուկայի ամբողջ շարժը նկատում ենք: Սովետական կարգերի վերանալուց հետո վերացավ նաև շուկան` որպես շուկա ծառայելուց: Դարձավ արդեն խոլերայի բուն: Ոչ մեկը շուկայով չի հետաքրքրվել: Մենք այստեղ ապրել ենք, բազմիցս բողոքել ենք և՛ թաղապետարան, և՛ ԺԷԿ, որ կարգավորվի, ամեն մեկն իրենից քցում ա»: Ռ. Դավթյանի խոսքով` տարածքի սանիտարահիգիենիկ վիճակն ուղղակի սարսափելի էր: «Էստեղ աղբարկղեր են դրված. աղբը թափում են, ամբողջը քամին քշում` բերում մեր տներն ա լցնում: Ոչ մեկը տեր չի կանգնում… Մենք շենքերով շատ շնորհակալ ենք, որ վերջին հաշվով էս հակասանիտարական վիճակը, այս քայքայված շուկան վերանորոգվում ու վերականգնվում է, և այսօր այս վիճակը կանգնեցված է: Չգիտեմ` ինչի ա կանգնեցված, տեղյակ չեմ, բայց գիտեմ մի բան. եթե այս վերանորոգումը հիմա չարվեց, մի քիչ տաքերն ընկավ, էս խոնավությունը վերացավ, արդեն ամբողջ բնակիչները այս անգամ ցույցի դուրս կգան, որովհետև այդ ամբողջ հողը, փոշին, ամեն ինչը լցվելու է մեր բնակարանները»,- մեզ հետ զրույցում նշեց տեղաբնակը և նկատեց. «Երբ դուք մեքենայով եկաք, ես տեսա` դուք չէիք կարողանում անցնել, իսկ մենք ամեն օր, օրը մի քանի անգամ այս փողոցով գնում-գալիս ենք, և մեր երեխաները՝ մեզ հետ: Ծանր վիճակում ենք»: Հարցրի, թե վերջին անգամ երբ են այդտեղից առևտուր արել: Նրանցից մեկն ասաց, որ ամեն օր` մինչև շուկայի փակվելը` դեկտեմբերի 30-ը, իրենք այնտեղից ստիպված առևտուր են արել, քանի որ մի փոքր բանի համար չէին կարող հասնել քաղաքի մի այլ վայր: Ի դեպ, նրանք վերանորոգման աշխատանքներից հետո ուրախացել էին, բայց դա փաստորեն կարճ տևեց, որովհետև չգիտեն ինչու է դադարեցվել շինարարությունը:
Հարցին, թե ինչ են ուզում տեսնել շուկայի տեղում և արդյոք մտավախություն չունե՞ն, որ կարող է փոխվել նրա նպատակային նշանակությունը, զրուցակիցներս ասացին, որ հենց շուկա էլ ուզում են տեսնել, բայց՝ կարգի բերված ու բարեկարգված, որ զբոսաշրջիկների այցելություններից ամոթից գետինը չմտնեն. «Մենք շուկայի տեղում ուզում ենք նորից մեր շուկան, շատ ենք սիրում մեր շուկան, …Այս վերջին երկու տարում մարդ չի մտել էդ շուկան, որովհետև էդ խոլերայի հոտը մարդկանց հիասթափեցրել է: Մենք ուզում ենք նորմալ, բարեկարգ շուկա»: Իսկ տարածքի բնակիչներից Սարգսյան Ջուլիետան շուկան երկրորդ տան հետ համեմատեց. «Տարիներ շարունակ ես այս շուկայում եմ առևտուր արել, …միշտ էլ հարազատ է եղել մեզ համար շուկան, որովհետև դա ոնց որ երկրորդ տուն. առավոտ շուտ փախչում էինք դեպի շուկա, որովհետև մեզ հաց տվողը, մեզ կերակրողը դա էր կարծես… Հիմա այս շուկան համարվել է քաղաքի դեմքը, և առավել ևս հիմա ես ցանկանում եմ վերանորոգվի: Գալիս էին զբոսաշրջիկներ և ներսից նկարում էին. այնքան տգեղ էր այդ սևությունը, որ ես անհարմար էի զգում, որ գալիս էին: Երբեմն կային այնպիսիները, որ մենք կարողանում էինք ռուսերեն խոսեինք և իհարկե նրանց պատասխանում էինք, ասում էինք, որ վերանորոգումը շուտափույթ պետք է լինի: Եվ լավ է, որ գտնվեցին մարդիկ, որ շուկան վերանորոգվի, և՛ արտաքին տեսքը, և՛ ներքին տեսքը, և՛ ամեն ինչ… Անընդհատ գալիս եմ-գնում եմ, որպեսզի տեսնեմ, թե ինչ աշխատանքներ են կատարվում, և այնքան էի ուրախանում, որ մենակ հարյուր մեքենա «ԿամԱԶ»-ներ այդ ամբողջ հողն էին տանում: Մի երեք օր է, որ այդ ձայնը չի լսվում, այդ զրնգոցը… Ո՞վ է կանգնեցրել: Մի՞թե չեն ուզում գեղեցիկ լինի»:
Նորայր Օհանյան. «Այստեղի առաջին տունն ա իմը: Ես բախտ եմ ունեցել առաջին քարը դնելուց ներկա գտնվել շուկայի կառուցմանը: Եվ տարիներ շարունակ այդ շուկան իսկապես եղել է մեր հանրապետության գեղեցկագույն շուկաներից մեկը: Վերջին տասը-տասնհինգ տարում ինչ տեղի ունեցավ` ես չեմ կարող պարզաբանել: Միայն էս շուկայի պատուհանները որ նայեք` արդեն պարզ է, թե ինչպես են նայել այդ շուկային, ինչ վերանորոգում ա եղել: Կհավատա՞ք, երեխեք ջան, ես պատուհան բացած չկամ: Ամառը ես պատուհան չեմ կարում բացեմ. կամ զիբիլի հոտն ա, կամ` մոծակները: Հնարավոր չէ… Անունն էլ չգիտեմ, մեկը կար` բերանը կապում` մտնում էր, ասում էին ինքն ա էս կառույցի տերը, չգիտեմ, չեմ էլ ճանաչում, և ուրախացել էի, ասում էի` ինչ ուզում են սարքեն, ինձ չի հետաքրքրում, ինձ պետք ա, որ օր առաջ էս զիբիլից պրծնենք»:
«Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի շինարարական աշխատանքների պատասխանատու Մարատ Ապիյանին էլ հանդիպեցինք տարածքում և խնդրեցինք մի քանի պարզաբանումներ տալ` շինարարության դադարեցման, շենքի հետագա ճակատագրի վերաբերյալ: Նա ասաց. «Ուղղակի այդ տանիքները վերանորոգելու ժամանակ, այնտեղ բացեցինք, որ տանիքները վերանորոգենք, բաղդադ էր, ամբողջովին քանդվեց հնությունից: Արդեն լրիվ էդ վիճակի մեջ էր: Հիմա դադարեցվել են աշխատանքները, և սպասում ենք քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության թույլտվություններին, որ շարունակենք մնացած աշխատանքները»: Ինչ վերաբերում է շենքի արտաքին ճարտարապետական տեսքին և նպատակային նշանակությանը, ապա պարոն Ապիյանը հավաստիացրեց, որ փոփոխություն չի լինելու. «Նայո՞ւմ եք` տեսքը տեղն է, ոչ մի բան չի քանդվում, իր պատկերը նույն ձևի մնում է, ուղղակի կատարվում ա մի քանի աշխատանքներ` ամրացման, վերականգնողական աշխատանքներ… Ուղղակի սարքվում է ավտոկայանատեղի և շենքը ամբողջովին վերանորոգվելու է, նույն ձևի»: Հավելեց, որ որքան հնարավոր է` արագ, մինչև ամառ պետք է ավարտեն հողային, փոշոտ աշխատանքները, որ շրջակա տարածքի բնակիչներին չխանգարեն, իսկ ամռանն անցնեն ներսի աշխատանքներին: Մարատ Ապիյանը հույս հայտնեց, որ տարեվերջին կավարտեն, միայն համապատասխան թույլտվությունները լինեն:
Հ.Գ. Մայրաքաղաքի կենտրոնում, ցավոք, բազմաթիվ մշակութային հուշարձաններ քանդվեցին, և որքան էլ համոզեն, որ դրանք ինչ-որ տեղ հավաքվելու են համարակալված քարերի օգնությամբ և ամբողջացնեն մեր մայրաքաղաքի նախկին տեսքը` դրան հավատալը ուղղակի միամտություն է: Դրանք պետք է ի սկզբանե պահպանվեն, բայց՝ առանց մարդկանց կյանքն ու առողջությունը վտանգելու: Իսկ բաղդադե տանիքի փայտի կտորները հաստատ համարակալման ենթակա չէին լինելու:










































