Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Նիկոլա Սարկոզին առաջին այցելությունները կկատարի Իսրայել և Գերմանիա: Այս մասին նա ասել է France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Առաջին այցելությունը ես կկատարեմ Եվրոպա, բնականաբար՝ Գերմանիա, ուր կհանդիպեմ Անգելա Մերկելին: Եվ դա ոչ այն պատճառով, որ ես կարոտում եմ: Ես նրան շատ եմ վստահում և հիանում եմ նրանով. մի կին, որը ղեկավարում է 80 միլիոն բնակչություն ունեցող երկիր, արժանի է հարգանքի:
Իմ այցելության պատճառը հենց Գերմանիան է, քանի որ Գերմանիայի և Ֆրանսիայի միջև առճակատումը միշտ շատ թանկ է նստել (մեզ վրա)»,- ասել է Սարկոզին` հավելելով, որ իր այցը Գերմանիա տեղի կունենա իր երդմնակալության օրը:
Իսրայել կատարելիք այցը նա բացատրել է նրանով, որ ցանկանում է, որպեսզի «2012-ը դառնա հաշտեցման տարի իսրայելցիների և պաղեստինցիների միջև»:
«Չկա ոչինչ ավելի կարևոր, քան ստիպել նրանց բանակցել և խաղաղություն հաստատել: Իսրայելի ժողովուրդն այնքան երկար է սպասել պետության ստեղծմանը, որ հիմա պետք է հասկանա պաղեստինցիների հույսերը»,- ասել է Սարկոզին:









































