Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի կազմման գործընթացը բավական հետաքրքրական զարգացումներ է արձանագրում: Հայտնի է դարձել, որ չորս կուսակցություններ՝ Վաղարշակ Հարությունյանի Ազգային վերածնունդը, Գառնիկ Մարգարյանի Հայրենիք ու պատիվը, Սոս Գիմիշյանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը, և Հայ կամավորականների համախմբումը, հայտարարել են Կոնգրեսի համամասնական ցուցակում տեղից հրաժարվելու մասին:
Անուններն ինքնին ամենևին էլ չեն ենթադրում քաղաքական կյանքի հսկաներ, ավելին` այդ կուսակցությունների լինել-չլինելը կարող է որևէ էական նշանակություն չունենալ Կոնգրեսի համար: Սակայն այս պարագայում խնդիրը դա չէ, այլ այն, որ փաստացի քանդվում է 18 կուսակցությունների կուռ դաշինքի առասպելը, որ ստեղծել էր Կոնգրեսն իր համար, ներկայանալով իբրև ընդդիմադիր լայն համախմբում: Պարզվում է, որ ընդամենը խորհրդարանական համամասնական ցուցակի շուրջ առաջացած թնջուկը բավարար է, որ 18-ից չորսը հրաժարվեն Կոնգրեսից: Այսինքն` նույնիսկ իշխանության ճամբարում ցուցակների կազմման գործընթացը այդպիսի աղմկոտ հունով չի գնացել, երբ ի վերջո ոչինչ չկարողանալով պայմանավորվել, Կոնգրեսը ստիպված եղավ ապավինել միայն Տեր-Պետրոսյանին: Թեև իրականում դա գուցե բավական լավ իմիտացիոն մարտավարական հնարք էր, այսինքն` ի սկզբանե ամեն ինչ էլ որոշում էր Տեր-Պետրոսյանը, պարզապես նախ պետք էր ստեղծել տպավորություն, որ որոշումը թողնված է ընդհանուրին, կոլեկտիվին, որ հետո այդ իմիտացիոն գործընթացի վրա կառուցվեր, այսպես ասած, կոնգրեսական քաղբյուրոյի մակարդակով «ազգովի խնդրանքի» մի մանրակերտ, երբ բոլորը կխնդրեն Լևոն Տեր-Պետրոսյանին անձամբ որոշել ինչն ինչոց է և ազատել Կոնգրեսն ավելորդ լարվածությունից:
Իրականում կարծես թե հենց այդպես էլ եղավ, բայց այդ ամենը ոչ թե լարվածությունից է ազատում Կոնգրեսը, այլ հակառակը՝ էլ ավելի վառ կերպով դրսևորում է, թե որքան լուրջ խնդիրներ կան Կոնգրեսի ներսում: Եվ փաստացի արձանագրվում է, որ Հայաստանում ժողովրդավարության ֆորպոստի հավակնություններ ունեցող Կոնգրեսն իրականում վերածվել է ամենաամբողջատիրական քաղաքական համակարգերից մեկի և ունակ չէ համարժեքորեն արձագանքել հասարակության քաղաքական պահանջներին, ժամանակի մարտահրավերներին: Սա ցավալի արձանագրում է, որովհետև որպես գաղափար, Կոնգրեսը իսկապես կարող էր լինել աննախադեպ երևույթ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այն կարող էր դառնալ պետության փոքրիկ մոդել բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք դժգոհ էին իշխող համակարգից, որոնք դժգոհ էին կառավարման ներկայիս մոդելից: Բայց, գաղափարական առումով ստեղծվելով որպես քաղաքացիական, հասարակական-քաղաքական առաջադիմական համակարգ, Հայ ազգային կոնգրեսը արագորեն վերածվեց Հայաստանի համար դասական քաղաքական կառույցի, իր բոլոր արատներով, իր բոլոր ավանդույթներով, իր մեխանիկական անկատարությամբ:
Բանն այն է, որ քաղաքականության և քաղաքական գործունեության հայաստանյան ընկալումները ինքնին արդեն իսկ ական են ցանկացած քաղաքական միավորի տակ, ընդհանրապես ցանկացած միավորի տակ, ինչպիսին էլ այն լինի: Եվ այդ ընկալումները վաղ թե ուշ բերելու են ճգնաժամի, քանի որ դրանք ճգնաժամաստեղծ ընկալումներ են ինքնին: Այդ է պատճառը, որ Հայաստանի քաղաքական համակարգի արդեն քսանամյա պատմությունը բացարձակ ճգնաժամերի պատմություն է, մի երկար շղթա, որի վրա մեկը մյուսի հետևից շարված են այդ ընկալումների զոհ դարձած հայաստանյան կուսակցություններն ու քաղաքական դաշինքները: Կոնգրեսը գնաց հենց այդ հետքով, և միգուցե դա պատահական էլ չէր, քանի որ ի վերջո այդ համակարգն ու ընկալումները նորանկախ Հայաստանում արմատավորվել են այն գործիչների գործողությունների, գործունեության արդյունքում, որոնք սկսեցին կազմել Հայ ազգային կոնգրեսի, այսպես ասած, առաջապահ գնդերը: Այդ գործիչներից ավելին սպասել գործնականում անհնար էր, և մնում էր սպասել, թե նրանց գործողությունների արգասիքը երբ է հասցնելու հերթական ճգնաժամի, այս անգամ՝ Կոնգրեսի մասշտաբով:
Խորհրդարանի ընտրության համամասնական ցուցակների հարցը դարձավ այդ իրավիճակի գեներատորը, և ճգնաժամը կարծես թե հասունացավ ավելի շուտ, քան պատկերացնում էինք: Դա իրականում լուրջ ահազանգ է, ահազանգ է այն իմաստով, որ Հայ ազգային կոնգրեսը ունի արմատական վերանայումների և փոփոխությունների անհրաժեշտություն` թե՛ զուտ ղեկավար կազմի կադրային, թե՛ նաև լայն շրջանակի մտածողության առումով: Չորս կուսակցությունների խնդիրը չէ բանը: Նրանք կարող են լինել, կարող են չլինել, ու կարող է այդ լինել-չլինելուց ոչ մի բան չփոխվել, բայց խնդիրը գործընթացների տրամաբանությունն է, այն հանգրվանը, ուր հասցրել են այդ գործընթացները: Եվ դա չնկատելն է, որ Հայաստանի քաղաքական համակարգում, ըստ էության, սպանելու է ևս մի կառույց: Իսկ այստեղ արդեն հանրային շահն է, որովհետև Հայաստանի անկախ հանրապետության հասարակական-քաղաքական դաշտը առանց այդ էլ հագեցած է քաղաքական տարատեսակ դիակներով, որոնք թե՛ կառույցների, թե՛ առանձին անհատների տեսքով պարզապես ողողել են շրջապատը: Այնպես որ, ևս մի քաղաքական դիակ կամ մարգինալ, այն էլ բավական մեծ մի մարմնի տեսքով, հասարակությանը պետք չէ:
Ահա թե ինչու Կոնգրեսի ներքին խնդիրները նաև հասարակության գործն են, հանրային ուշադրության առարկան են անկախ Կոնգրեսի համակիր լինել-չլինելուց: Կոնգրեսի քաղաքական հակառակորդներն իհարկե կարող են ոգևորվել այդ հեռանկարներից, քանի որ նրանց դիմաց պակասում է մի էական մրցակից, որի թուլանալը կարող է նաև էական հնարավորություն տալ ծառայեցնել որպես գործիք և ենթարկել զանազան մանիպուլյացիաների: Բայց հանրության խնդիրը ուրախանալը կամ չարախնդալը չէ, որովհետև այստեղ շատ պարզ ու կոնկրետ է հասարակության շահը՝ քաղաքական դաշտն առանց այդ էլ լցված է անկենսունակ թափոններով, հետևաբար խնդիր կա այլևս թույլ չտալ, որ դրանք շատանան: Մյուս կողմից` հասարակությունն, իհարկե, չի կարող զբաղվել քաղաքական միավորների առողջացմամբ կամ չի կարող դրանով այլ կերպ զբաղվել, քան պարզապես դադարելով օգտվել նրանց մատուցած քաղաքական ծառայություններից: Մինչդեռ, կոնկրետ Կոնգրեսի պարագայում իրավիճակը բացարձակապես այնպիսին չէ, ինչպես ասենք` ՀՀԿ կամ ԲՀԿ դեպքում, երբ նրանց ծառայություններից որևէ բան ակնկալելը պարզապես անհույս է և միամտություն:
Կոնգրեսում իրականում կա զգալի մարդկային ռեսուրս, որը կարող է իսկապես որակյալ քաղաքական ծառայություն մատուցել հասարակությանը: Այստեղ սակայն խնդիրը հենց այդ ռեսուրսի դաշտում է: Կամ այդ ռեսուրսը ինքը ձեռնամուխ է լինում իր իսկ համակարգի վերափոխումներին և որակական առողջացմանը, կամ էլ պարզապես անջատվում է այդ համակարգից՝ չխժռվելու համար և հանրությանը ներկայանում նոր որակական առաջարկներով և նոր «ծառայությունների փաթեթով»: Երրորդ տարբերակն այն է, որ այդ ռեսուրսը կամաց-կամաց «կպայթի» քաղաքականության մասին ավանդական պատկերացումների ականապատ դաշտում: Իսկ դա արդեն Հայաստանի համար կլինի իսկապես լուրջ և էական քաղաքական ու քաղաքացիական կորուստ:









































