Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, որն ըստ նախնական տվյալների, հաղթել է նախագահական ընտրություններին, մտադիր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովին հանձնարարել ստուգել մարտի 4-ի քվեարկության բոլոր հնարավոր խախտումները:
«Ես Չուրովի հետ չեմ խոսել ոչ երեկ, ոչ էլ մեկ օր առաջ… Սակայն, նրա հետ խոսակցություն հավանաբար տեղի կունենա, և ես կխնդրեմ ամենայն մանրամասնությամբ ստուգել հնարավոր բոլոր խախտումները, որոնց մասին դուք խոսում եք»,- ասել է Պուտինը:
Ըստ BBC-ի՝ վարչապետն ընդգծել է նաև, որ ինքը տեսախցիկների տեղադրումը ընտրատեղամասերում շատ արդյունավետ է համարում:
«Ես տեսախցիկների տեղադրման նախաձեռնողն եմ եղել: Ինձ թվում է, որ ոչ հարյուր տոկոսով, բայց հիմնականում նրանք դեր խաղացել են և նպաստել գործընթացի թափանցիկությանը»,- վստահ է Պուտինը:









































