Անի Չոպուրյանն ասում է, որ արդեն չի հիշում, թե քանի անգամ է դատական հայց ներկայացրել Սակրամենտոյի Mercy General հիվանդանոցի դեմ՝ այնտեղ որպես բժշկի օգնական աշխատելու երկու տարիների ընթացքում:
Ինչպես հաղորդում է The Los Angeles Times-ը, Չոպուրյանն ասել է, որ այդ երկու տարիների ընթացքում գրեթե 18 դատական հայց է ներկայացրել վիրաբույժների դեմ, ովքեր ծաղրանքով են վերաբերվել մյուս աշխատողներին: Նրանցից մեկը, Անիի հաղորդմամբ, ամեն առավոտ ողջունել է իրեն` հետույքին խփելով և ասելով, որ «գրգռված է»: Մյուսը վատ արտահայտություններ է արել նրա հայ լինելու վերաբերյալ` հարցնելով, թե արդյո՞ք նա միացել է «Ալ-Կաիդա»–ին, թե՝ ոչ:
Հիվանդանոցի ղեկավարներն Անիին մեղադրում են իր աշխատանքը սխալ կատարելու մեջ, որի համար, ինչպես նրանք են հայտնում, աշխատանքից հեռացրել են հայուհուն:
Չնայած հիվանդանոցի դժգոհություններին, ամերիկյան դատարանի ատենակալները որոշում են կայացրել Անի Չոպուրյանի օգտին` չորեքշաբթի օրը հայտնելով, որ հիվանդանոցը պետք է Անիին 168 միլիոն դոլար վճարի՝ նրա կրած վնասների համար: Սա ամերիկյան պատմության մեջ ամենամեծ փոխհատուցումն է մեկ դեպքի համար:
Հաղորդվում է, որ Անին ասել է, թե հիվանդանոցում տիրում է «սեռական առումով ոչ ճիշտ մթնոլորտ». բողոքներն արհամարհվում են և աշխատողներին ծաղրում են:









































