Սևանա լճի ավազանում համակարգային մոտեցում է անհրաժեշտ`մաքրման աշխատանքներ և հանքարդյունաբերության վերահսկողություն: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպան Լևոն Գալստյանը` անդրադառնալով Սևանա լճի առաջնահերթություններին և դրական տեղաշարժերին:
Նա տեղեկացրեց, որ մի քանի անգամ ներկա է եղել ՀՀ նախագահին առընթեր Սևանի հանձնաժողովի հանդիպումներին և քննարկումներին: Ըստ նրա` վերջին հանդիպումներից մեկի ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Սևանա լճի մակարդակը բարձրացել է նախատեսվածից ավել: «Խնդիրն այն է, որ ափամերձ տարածքները ժամանակին չեն մաքրվել, ու դա այսօր խնդիրների է հանգեցրել: Ստացվեց այն, որ ջուրը բարձրացավ և հասկացան, որ պետք է մաքրեն այդ տարածքները, որովհետև շատ բան մնաց ջրի տակ: Մտահղացում կար, որ մաքրման աշխատանքներ իրականացվեն մինչ մակարդակի բարձրացումը: Լճի խնդիրները շատ-շատ են և հարցերին պետք է ավելի գլոբալ մոտեցում ցուցաբերել»,- նշեց Լ. Գալստյանը:
Նրա խոսքով` առաջնային հարց է Սոթքի հանքավայրի ջարդիչ սարքի օգտագործումը: Նա տեղեկացրեց, որ այս ուղղությամբ բնապահպանները բազմաթիվ անգամներ ահազանգել են և առայժմ կոնկրետ պատասխան չեն ստացել, այնինչ դրա փորձաքննությունը կպահանջեր տաս օր: Երկրորդ խնդիրը, որը կարևորեց բնապահպանը, մաքրման աշխատանքներն են: «Եթե դա չարվի, կվնասվի Սևանի ընդհանուր էկոհամակարգը և կենսաբազմազանությունը: Հանքարդյունաբերական թափոնների խնդիր ևս կա»,- ահազանգեց Լ. Գալստյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահին առընթեր Սևանի հանձնաժողովի նախագահի խոսքով` Սևանա լճի մակարդակը 1900 մետր է, որը բնապահպանները համարում են դրական տեղաշարժ, բայց ոչ առաջնահերթություն:






































