Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Ֆիլիպինների Ջոլո կղզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 2, վիրավորվել` 13 մարդ:
Շաբաթ երեկոյան Սուլու շրջանում գտնվող Ջոլո կղզում` մթերային խանութի մերձակայքում, գործի է դրվել պայթուցիկ ինքնաշեն սարք: Պայթյունի պահին խանութը փակ է եղել, սակայն ահաբեկչության զոհ են դարձել մերձակայքում զբոսնող մարդիկ:
Նախնական տվյալների համաձայն՝ ահաբեկչությունն իրականացվել է «Աբու-Սայաֆ» խմբավորման կողմից, որը պատասխանատու է մի շարք այլ ահաբեկչությունների համար:
Ֆիլիպինների հարավում գործում են ահաբեկչական մի շարք խմբավորումներ, որոնցից է «Աբու-Սայաֆը»: Այն կապված է «Ալ-Քաիդայի» հետ:
«Աբու-Սայաֆ» խմբավորումն ունի մոտ 380 անդամ, ովքեր հաճախակի առևանգում են մարդկանց և նշված ժամկետներում չստանալով պահանջվող փրկագինը` կախաղանի բարձրացնում նրանց:
2004 թ. սկզբներին վերոնշյալ խմբավորման գրոհայինները Ֆիլիպիններում ամենախոշոր ահաբեկչությունն էին կազմակերպել, որին զոհ էր դարձել մոտ 200 մարդ: Վերջին տարիներին Ֆիլիպինների գրոհայինները սկսել են առևանգել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներին:











































