«Այսօր գրողի գերխնդիրը կյանքի ճշմարտացի պատկերումն է։ Գրականությունը միշտ էլ եղել է ապագայի նշաձողը»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։
Ըստ Անանյանի՝ գրականությունը պետք է կարողանա առաջնորդել գրողին. «Ես կարծում եմ, որ գրողը նախ պետք է կարողանա գրել բոլորի համար։ Մենք այսօր ունենք լավ գրողներ և լավ գրականություն»։ Նա նշեց, որ գրողի համար շատ կարևոր է, որ գրքերը անպայման տպագրվեն. «Բարեբախտաբար մենք այսօր ունենք այդ հնարավորությունը։ Շատ կարևոր է, որ առկա լինի գրող-ընթերցող կապը»։
Անանյանի կարծիքով ՝ պակաս կարևոր հարց չէ գրողների բարեկեցիկ կյանքով ապրելը. «Ցավոք, այստեղ մենք ունենք որոշ խնդիրներ»։
Հայաստանի գրողների միությունը ընդգրկում է 400 գրող։ Մի քանի օր առաջ այդ կազմը համալրվեց ևս քառասուն հոգով. «Նրանց զգալի հատվածը երիտասարդներ են։ Ես սրտանց շնորհավորում եմ բոլոր գրողներին այս օրվա առթիվ և մաղթում, որ այս տարի ավելի շատ նոր գրքեր հրատարակեն»։ Վերջում Անանյանը հավելեց, որ շնորհավորում է նաև ընթեցողին, քանի որ սա նաև նրա տոնն է. «Մենք ունենք գրականություն, որը պետք է ունենա ընթեցող»։









































