Այսօր Գրողի միջազգային օրն է: Գրողի միջազգային օրը նշվում է Միջազգային PEN Club-ի (International PEN Club) 48-րդ համագումարի որոշմամբ, որը կայացել է 1986թ. հունվարի 12-18-ին:
PEN Club-ը հիմնադրվել է 1921թ.՝ Լոնդոնում: Կազմակերպության անվանումը հապավում է, որ կազմվել է պոետ՝ Poets, էսսեիստ՝ Essayists և վիպասան՝ Novelists բառերի առաջին տառերից: Հետաքրքիր է, որ հապավումը համընկնում է անգլերեն գրիչ բառի հետ:
Միջազգային PEN Club-ը գրողների միջազգային միություն է, որն, ինչպես ասվում է PEN ակումբի կանոնադրության մեջ, հանդես է գալիս «յուրաքանչյուր երկրում և բոլոր ազգերի միջև տեղեկատվության ազատության սկզբունքների պաշտպանության համար»: Նրա անդամները պարտավորվում են հանդես գալ խոսքի ազատության ոտնահարման դեմ այն երկրներում և հասարակություններում, որոնց իրենք պատկանում են, ինչպես նաև ամբողջ աշխարհում, եթե դա հնարավոր է:
PEN ակումբը կողմ է ազատ մամուլին և դեմ՝ անզուսպ գրաքննությանը խաղաղ ժամանակ: PEN ակումբը համարում է, որ մարդկության անհրաժեշտ զարգացումը դեպի կազմակերպությունների ավելի բարձր քաղաքական և տնտեսական ձևեր, պահանջում է կառավարության, վարչակազմի և քաղաքական հաստատությունների ազատ քննադատություն:
Կազմակերպության ստեղծման գաղափարը պատկանում է անգլիացի գրող Քեթրին Էմի Դոուսեն Սքոթին: PEN ակումբի առաջին նախագահը եղել է Ջոն Գոլսուորսին:
Այսօր նմանատիպ կազմակերպություններ գործում են ավելի քան 130 երկրներում:








































