Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում շարունակվող ջրհեղեղներն ընդհուպ մոտեցել են երկրի մայրաքաղաք Սիդնեյին: Ուրբաթ ուշ երեկոյան Ուարագամբ ջրամբարից 65 կմ արևմուտք գտնվող տարածքում ջրի մակարդակն անցել է թույլատրելիի սահմանը, ինչի հետևանքով ջրամբարի պատնեշները մեխանիկորեն բացվել են և ջուրը Նեպեան և Հոքսբերի գետերով շարժվել է դեպի Խաղաղ օվկիանոս:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, վերջին տվյալներով, Նոր Հարավային Ուելսի տարածքի 75%-ը կամ արդեն ջրի տակ է անցել, կամ ենթակա է հեղեղման վտանգի: Այդ տարածքը կարելի է համեմատել Ֆրանսիայի տարածքի հետ, չնայած այն ավելի նոսր է բնակեցված:
Ակնկալվում է, որ շուտով կփակվեն մի քանի կամուրջներ: Մարդիկ, որոնց տարբեր պատճառներով չեն հասցրել տարհանել, կարող են հայտնվել մեկուսացման մեջ:
Վերջին օրերին Նոր Հարավային Ուելս նահանգում, որտեղ գտնվում է Սիդնեյը, իրենց տները լքել են 3000-3500 մարդ:
Նահանգի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարը դիմել է բնակիչներին՝ կոչ անելով զգոն լինել, քանի որ մոտ օրերը եղանակը կարող է «գերազանցել ավելի քան 120 տարվա վաղեմության ռեկորդը»: Փրկարարները մարդկանց խորհուրդ են տալիս պատրաստ պահել անձը հաստատող փաստաթղթերը և առաջին անհրաժեշտության իրերի ճամպրուկը:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Սիդնեյի շրջանում մինչև երկուշաբթի անձրևը կդադարի:











































