BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` Atlantic պարբերականին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի հարցին.
«Ես բլեֆ չեմ անում, երբ պնդում եմ, որ անընդունելի է Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելը: Իրանն ու Իսրայելը պետք է գիտակցեն սա: Ես չեմ բացառում Իրանին հարված հասցնելու հնարավորությունը: Սակայն դա Թեհրանին հնարավորություն կընձեռի ներկայանալ զոհի կերպարանքով և համակրանք շահել»:
Հիշեցնենք, որ Օբաման Իրանի միջուկային ծրագրի հարցը երկուշաբթի Վաշինգտոնում քննարկելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Վերջինս մասնավորապես ցանկանում է, որ Օբաման աներկբա հայտարարի, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմական օպերացիայի՝ Իրանի կողմից սահմանված «կարմիր գիծը» հատելու դեպքում և ոչ թե կրկնի այն անորոշ պնդումները, թե Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցում օրակարգում են բոլոր միջոցները:
Ներկայումս կարծիքներ են շրջանառվում, թե Իսրայելը կարող է առանց ԱՄՆ-ին զգուշացնելու հարված հասցնել Իրանին, կամ էլ դա անել վերջին պահին, որպեսզի ԱՄՆ-ը չկարողանա խանգարել իրեն:










































