Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ` Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի 25-րդ (2006-2008) և 26-րդ (2008-2010) պետեր Յաշար Բույուքանըթն ու Իլքեր Բաշբուղը, ինչպես նաև ժանդարմերիայի ներկայիս հրամանատար Բեքիր Քալյոնջուն Balyoz («Մեծ մուրճ») ռազմական հեղաշրջման գործով այսօր ցուցմունք են տալիս Ստամբուլի 10-րդ ծանր հանցագործությունները քննող դատարանում:
Յաշար Բույուքանըթն ու Բեքիր Քալյոնջուն արդեն իսկ ներկայացել են դատարան և հայտարարել, որ 2003 թվականի մարտի 5-7-ը թուրքական 1-ին բանակը զորախաղեր է պլանավորել, ինչը իշխանությունների կողմից որակվում է որպես ռազմական հեղաշրջման նախապատաստություն: Իլքեր Բաշբուղը դատարան կներկայանա ավելի ուշ:
Նշվում է, որ Balyoz-ի գործով ամբաստանյալների թիվը 365 է, նրանցից 249-ը գտնվում են կալանքի տակ:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 20-ին Taraf թերթը հրապարակեց 2003 թվականին պլանավորված Balyoz ռազմական հեղաշրջման պլանի մանրամասների վերաբերյալ մի հոդված:
Զինված ուժերի 162 սպաների, այդ թվում՝ 29 գեներալների կողմից հավանության արժանացած այդ պլանի համաձայն, նախատեսված էր երկրում հայտարարել արտակարգ դրություն և քաոսի ու բռնության մթնոլորտի ստեղծման ճանապարհով հեղաշրջման կազմակերպման համապատասխան հիմք ստեղծել:
Թուրքական մի շարք փորձագետների կարծիքով՝ 2003 թվականին կարող էր տեղի ունենալ Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության մեջ ամենաարյունալի հեղաշրջումը:






































