Ամերիկացի լրագրողուհի Մերի Քոլվինը և ֆրանսիացի լուսանկարիչ Ռեմի Օշլիկը թաղվել են սիրիական Հոմս քաղաքում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով համացանցում հայտնված մի տեսանյութի:
Տեսանյութում պատկերված են երկու դիակներ` փաթաթված սավանի մեջ, որոնց վրա գրված են լրագրողների անունները: Տեսանյութում մի տղամարդ պատմում է, որ իրենք ստիպված են հուղարկավորել Քոլվինին և Օշլիկին, քանի որ Հոմսի դիահերձարանի սառնարանները չեն աշխատում` էլեկտրականության բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ լրագրողները սպանվել էին 8 օր առաջ Հոմսի ռմբակոծության ժամանակ:
Բացի այդ, վիրավորվել էին ֆրանսիացի ևս երկու լրագրող, որոնք երեկ տեղափոխվել են Լիբանան: Այս փաստը հաստատել է նաև երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին:









































