Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ`ներքին զորքերի զրահատեխնիկան ուղարկվել է Ղուբա: Ներքին զորքերի ավտոշարասյունը բաղկացած է 10 բեռնատարներից, 3 ջրցան մեքենաներից, 6 զրահամեքենաներից: Ղուբա են ուղարկվում նաև հատուկջոկատայիններ:
Սակայն Ղուբայի բնակիչները փակել են քաղաքի մուտքը և թույլ չեն տալիս, որ տրանսպորտը ներս մտնի: Ղուբա են ուղարկվել նաև հարակից բոլոր շրջանների ոստիկանական ուժերը, սակայն նրանց չի հաջողվել ճնշել ժողովրդական ակցիաները: Բաքու-Ղուբա ճանապարհը՝ սկսած Սումգայիթից, առնված է ոստիկանության ուժեղ հսկողության տակ:
Ցուցարարները պահանջում են իրենց հանձնել գործադիր իշխանության ղեկավար Ռաուֆ Հաբիբովին և ազատ արձակել այսօր ձերբակալված 200 ցուցարարներին: Հակառակ դեպքում նրանք սպառնում են այրել Ղուբայի բոլոր հիմնարկները: Ցուցարարները սկսել են ավերել գործադիր իշխանության ղեկավարին պատկանող օբյեկտները:








































