Այսօր հայտնի Wikileaks ինտերնետ կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը նորից կկանգնի Լոնդոնի դատարանի առաջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին դատարանը նրան ազատ էր արձակել այն բանից հետո, երբ Շվեդիայի դատախազության խնդրանքով Ասանջը ձերբակալվել էր և մի քանի օր անցկացրել բանտում:
Ասանջին մեղադրում են երկու շվեդուհու բռնաբարության և սեռական ոտնձգության մեջ: Ասանջը ազատ էր արձակվել գրավի դիմաց և իրավունք չուներ լքել Մեծ Բրիտանիայի տարածքը: Այդ ընթացքում Շվեդիայի իշխանությունները պետք է հիմնավորեն իրենց պահանջը, հակառակ դեպքում Ասանջի վրայից կհանվեն ազատ տեղաշարժի սահմանափակումները:
Ինքը` Ասանջը, բոլոր մեղադրանքները հերքում է` ասելով, որ սա ճնշում է իր վրա Wikileaks-ի աշխատանքների պատճառով, և որ այս ամենն արվում է իրեն լռեցնելու համար: