Վարչապետ Վլադիմիր Պուտինի մի քանի հոդվածներից հետո Vedomosti օրաթերթում իր տնտեսական ծրագրերի մասին է գրել Ռուսաստանում հայտնի բլոգեր, ընդդիմադիր դաշտում մեծ աջակցություն վայելող Ալեքսեյ Նավալնին: Իր հոդվածում նա կոռուպցիայի դեմ պայքարն անվանել է իր տնտեսական ծրագրի հիմքը:
Հեղինակը նշում է, որ Ռուսաստանի ընդդիմադիրներին հաճախ են քննադատում` ասելով, թե ինչ տնտեսական ծրագիր են նրանք պատրաստվում իրականացնել իշխանության գալուց հետո: Նավալնին գրում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի առաջնային, քանի որ այն ներխուժել է ամենուրեք: Նա կոռուպցիայի դեմ պայքարը համարել է հենակետային այլ բարեփոխումներ իրականացնելու համար:
Նավալնին մեծ ժողովրդականություն սկսեց վայելել այն ժամանակ, երբ ներկայացրեց «Ռոս Պիլ» հակակոռուպցիոն ծրագիրը, որի ընթացքում մի շարք աղմկահարույց բացահայտումներ տեղի ունեցան: Ընդ որում, հակակոռոպցիոն պայքար ծավալելու համար Նավալնին ներգրավում էր մասնավոր հանգանակություններից ստացված գումարները, ինչը լուրջ անհանգստություն էր պատճառում երկրի իշխանություններին:
Այս տարվա փետրվարի 13-ին Նավալնին նախաձեռնել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ստեղծումը, որի նպատակն է հակակոռուպցիոն հետաքննությունների իրականացումը:










































