«Երկիր»-ը գրում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը համոզված է, որ Սյունիքի մարզի որ ընտրատարածքում էլ առաջադրի իր թեկնածությունը, հաղթանակն ապահովված է:
Թերթի հետ զրույցում նա հայտնել է, որ արդեն հստակ որոշել է, թե որ կուսակցությանն է անդամակցելու, սակայն հրաժարվեց ասել, թե որ. «Առաջիկայում հրավիրելիք մամուլի ասուլիսի ժամանակ կասեմ»:
Հարցին` իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր կուսակցության է անդամակցելու, գործարարը պատասխանեց. «Եթե դա ասեմ, արդեն ձեզ պարզ կլինի»:
«Գործարարին հիշեցրինք, որ ինքը հայտարարել է, թե մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Մեղրիում՝ թիվ 38 ընտրատարածքում: Իսկ ինչո՞ւ հենց այդ ընտրատարածքում, գուցե այն պատճառով, որ բազմիցս հայտարարել է, թե ինքը Մեղրիի տարածաշրջանում շատ բարեգործություններ է արել, հետևաբար համոզված է, որ Մեղրիում իր հաղթանակն ապահովված է:
«Գիտեք, ես հայտարարել եմ՝ որտեղ Սուրիկ Խաչատրյանը կդնի իր թեկնածությունը, հենց այդ ընտրատարածքում կդնեմ իմ թեկնածությունը: Կդնի Գորիսում, կդնեմ Գորիսում, կդնի Սիսիանում, կդնեմ Սիսիանում: Դեռ չեմ որոշել` որ ընտրատարածքում եմ դնելու: Ես չեմ ցանկանում պատգամավոր դառնալ, որ գնամ, կնոպկաներ սեղմեմ, դա իմը չէ, ես գործարար եմ, և դա ինձ դուր է գալիս: Բայց որպեսզի իմ խոսքը իրականություն դառնա, ես պետք է դա անեմ` որտեղ նա դրեց, ես էլ եմ դնելու, իսկ եթե նա չդնի, ես էլ չեմ դնի իմ թեկնածությունը»,- ասաց Ս. Համբարձումյանը՝ հավելելով, որ իր հաղթանակը Սյունիքի մարզի ցանկացած ընտրատարածքում ապահովված է:
«Գորիսում էլ է իմ հաղթանակն ապահովված: Ես Գորիսի բնակչության ստորագրահավաք ունեմ, ովքեր պաշտպանում են ինձ, և ամեն օր բազում զանգեր են հնչում, որ պատրաստ են ինձ աջակցել: Անգամ Ղարաբաղից զանգեր ունեմ, որ պատրաստ են իմ կողքը կանգնել այն դեպքում, երբ ես ընդամենը մեկ անգամ եմ եղել Ղարաբաղում»:









































