Հնարավոր է, որ հայկական կողմը չպետք է չափազանց մեծ ոգևորվածություն դրսևորեր Ֆրանսիայի Սենատի՝ հայկական օրինագծի վերաբերյալ նախաձեռնության շուրջ, քանի դեռ այն վերջնականապես չէր ընդունվել, բայց միաժամանակ այնպես չէ, որ մենք չեղած բանի համար էինք ոգևորվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզան Առաքելյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի՝ հայկական օրինագիծը մերժելու փաստին:
«Ի վերջո, Ֆրանսիայի Սենատը քննարկման արդյունքում ընդունել էր օրինագիծը, այսինքն՝ կոնկրետ փաստ կար, որի շուրջ էլ ոգևորվել էինք և անպայման պետք է շնորհակալություն հայտնեինք: Այլ բան է, որ չափազանց մեծ ոգևորվածություն պետք չէր դրսևորել, բայցևայնպես, կարծում եմ՝ հուսահատվելու կարիք էլ չկա: Սա երկարատև պայքար է, և մեր նպատակին հասնելու ճանապարհը երբեք էլ հեշտ չենք պատկերացրել: Ի վերջո, պայքարի շատ այլ միջոցներ կան, և Հայ դատի գրասենյակներն այսուհետ ևս շարունակելու են բարձրաձայնել խնդրի մասին»,- ասաց Ռուզան Առաքելյանը:
Հարցին՝ պե՞տք է հայկական կողմը դասեր քաղի երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում տեղի ունեցածից, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Մենք պետք է տեր կանգնենք մեր դատին: Հույսներս չպետք է օտարների վրա դնենք, երրորդ ուժի օգնություն ակնկալենք: Յուրաքանչյուր ժողովուրդ ու պետություն պետք է ունենա իր առանցքը և դրա վրա հենվի՝ սեփական նպատակներին հասնելու համար»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական ճանաչեց Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին օրենսդիր մարմինը հավանություն էր տվել 2011 թ. դեկտեմբերի 22-ին, Սենատը` այս տարվա հունվարի 23-ին։ Ֆրանսիացի մի խումբ սենատորներ օրինագիծը վիճարկել էին Սահմանադրական խորհրդում:










































