Այսօր Ազգային ժողովում շարունակում էր քննարկվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը։ ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը մեջբերումներ արեց «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» 1000 էջանոց գրքից, ըստ որի՝ զինված ուժերը չպետք է միջամտեն քաղաքական գործընթացներին, և ընտրական հավաքներ անցկացնելու, քաղաքական հակառակորդներին ճնշելու համար զինված ուժերը չպետք է օգտագործվեն:
«Քաղաքականությունը ԶՈՒ-ի գործը չէ: Թողնենք մեր բանակը հանգիստ, թողնենք, որ այն զբաղվի միայն հայրենիքի պաշտպանության հարցերով: Մեր բանակը չհակադրենք մեր ժողովրդին: Զինվորը մեր զավակն է: Եվ հանկարծ միտինգ անելու ժամանակ իմ թոռը կամ իմ տղան պետք է գա ու կրակի՞ ինձ վրա: Էլ ի՞նչ սեր պետք է մնա բանակի հանդեպ: Ժողովրդի և բանակի միջև ինչո՞ւ ենք սեպ խրում: Մենք պետք է սիրենք ու փայփայենք մեր բանակը և այն երբեք չներքաշենք ներքին հարցերին միջամտելու մեջ»,- ասաց Ռ. Պետրոսյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ ԶՈՒ վերաբերյալ կետերը պետք է հանվեն օրինագծից:
Անդրադառնալով օրինագծում ԱԺ-ին վերապահված դերին`պատգամավորը հայտարարեց, որ չի կարելի խորհրդարանը գործադիրի կցորդը դարձնել. «Ինչո՞ւ ենք ԱԺ-ն ռուսերեն ասած՝ տրյապկա դարձնում»:










































