France-Presse գործակալության փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները ողջունել են Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի երեկ կայացրած որոշումը, որով չեղյալ հայտարարվեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշված է. «Մենք ողջունում ենք այդ որոշումը, որը վկայեց ազատ արտահայտվելուն ու հետազոտական գործունեությանը, օրենքի գերակայությանն ու միջազգային իրավունքի սկզբունքներին ցուցաբերած հարգանքի մասին:
Մենք Ֆրանսիային կոչ ենք անում ավելի կառուցողական, արդար ու գիտականորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների հակասական պատմության նկատմամբ, որպեսզի դա նպաստի խնդրի լուծմանը և ոչ թե խորացմանը:
Այդպիսի մոտեցումը հնարավորություն կընձեռի թուրք-ֆրանսիական հարաբերությունները զարգացնել բոլոր ոլորտներում, ինչին նրանք արժանի են»:








































