Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքի փոխանցմամբ`ամերիկացի 61 կոնգրեսականներ ստորագրել են մի նամակի տակ, որում իրենց անհամաձայնությունն են հայտնել Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի որդեգրած դիրքորոշման հետ:
Դա մասնավորապես վերաբերում է ոչ վաղ անցյալում Քլինթոնի հնչեցրած այն հայտարարությանը, թե «Հայոց ցեղասպանությունը համարվում է պատմական հարց» (այսինքն, դրանով պետք է զբաղվեն միայն պատմաբանները): Բացի այդ, նամակում Հիլարի Քլինթոնը որակված է որպես ամերիկյան դիվանագիտության ամենաթուրքամետ ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակներ, կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը և Ադամ Շիֆը կոնգրեսականներին կոչ էին արել ստորագրել մի նամակի տակ, որում պետքարտուղար Հիլարի Քլինթոնին կոչ էր արվում փոխել Հայոց ցեղասպանության հարցում զբաղեցրած դիրքորոշումը:










































