Փետրվարի 26-ին Լիբանանի հայկական բոլոր եկեղեցիներում տեղի են ունեցել հոգեհանգստյան և եկեղեցական արարողություններ՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերին զոհ դարձած հայերի:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ անցկացված Սուրբ պատարագից և հոգեհանգստից հետո Վեհարանի սրահում կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը և Կաթողիկոս Արամ Ա-ը:
Հռետորներն իրենց ելույթներում անդրադարձան 24 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին: Դեսպան Քոչարյանը մասնավորապես նշել է, որ 1988 թվականը Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդը ձայնը բարձրացրեց սեփական իրավունքների ու ազատության պաշտպանության օգտին: Քաղաքակիրթ և օրինական յուրաքանչյուր գործողությանը հետևում էր բռնության ծավալում, հայ ազգաբնակչության իրավունքների զանգվածային և համատարած ոտնահարում, բռնություններ և կոտորածներ, տեղահանում, ժողովրդավարական բռնանվաճում, տնտեսական շրջափակում: Հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվեց ամենադաժան էթնիկ զտումների տեղահանման քաղաքականություն և պետականորեն կազմակերպված հանցագործություն:
Ընդգծվել է, որ միջազգային հանրությունը քաղաքական և իրավական լիարժեք գնահատական չի տվել կատարվածին: Մինչդեռ ամեն հնարավորն արվել է հանցագործությունների հանգամանքները թաքցնելու և խեղաթյուրելու համար: Իսկ փաստագրական ապացույցները, ականատեսների վկայությունները, հավաքված փաստերը հանգեցնում էին միակ աներկբա եզրակացության. ջարդերը, հանցագործություններն ու վայրագություններն իրականացվել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք անկախության հռչակումից անմիջապես հետո նրանք բանտերից ազատեցին դատապարտված մարդասպաններին և հրապարակայնորեն նրանց հռչակեցին ազգային հերոսներ: Դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը արյան գնով պաշտպանել է իր ազատության իրավունքը և ներկայումս կայացած պետություն է: Արցախը չնայած բոլոր դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, ապրեցնում է պետական – ժողովրդավարական ինստիտուտները, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը: Միջազգային հանրությանը վերջնականապես և մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Ավարտելով ելույթը՝ դեսպան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ ժամանակակից մարտահրավերները կարելի է հաղթահարել միասնաբար, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հզոր ներուժով, համերաշխությամբ և նվիրումով:
Կաթողիկոս Արամ Ա-ն ընդգծեց, որ այս օրերին Անթիլիասում անցկացված Հայոց ցեղասպանության խնդրին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցները նշեցին, որ 1915-ին իրականացված ցեղասպանությունը հայ ժողովրդի հանդեպ շարունակվում է: Դրա դրսևորումն էր նաև Սումգայիթում ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ իրականացված ջարդերը: Նա շեշտեց, որ թուրքերը տարբեր մոտեցումներով և ձևերով փորձում են շարունակել իրենց որդեգրած քաղաքականությունը:
Եզրափակելով իր խոսքը` Արամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել արարողությանը ներկա գտնվող բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևայի կատարած աշխատանքները, մասնավորապես «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ժապավենի պատրաստումը: Նա Պասկալևային երախտագիտությամբ հանձնել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:
Ցվետանա Պասկալևան իր խոսքում խորին շնորհակալություն է հայտնել Արամ Ա. Կաթողիկոսին բարձր պարգևի համար, և հավաքվածներին հավաստիացրել, որ կշարունակի իր առաքելությունը մինչև վերջ: Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհը, տեսնելով Ղարաբաղի ժողովրդի ցավերը, հակամարտությանն առնչվող իրականությունը, ճիշտ պատկերացում կկազմի կատարված իրադարձությունների մասին և կճանաչի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը:







































