Hye Tert-ի (Հայ Թերթ) փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների միության ստամբուլյան մասնաճյուղը և «Ռասիզմի ու խտրականության դեմ պայքարի» հանձնաժողովը որոշել են դատական հայց ներկայացնել Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի և «Խոջալուի դեպքերի հիշատակը վառ պահելու» համար ստեղծված կոմիտեի նկատմամբ:
Դրա պատճառը փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպված միտինգն է, որի ժամանակ հնչել են ազգայնական ու ռասիստական կարգախոսներ: Մասնավորապես` միտինգում հնչել են նաև «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ վիժվածքներ եք», «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ զավթիչներ ու մարդասպաններ եք» կարգախոսները:
Այդ միտինգի ժամանակ վիրավորել են նաև հայկական «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը, իսկ մի խումբ ազգայնամոլներ փորձել են բողոքի ակցիա անցկացնել թերթի խմբագրատան առջև:
Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 11.00-ին, դատական հայցը կներկայացվի Ստամբուլի արդարադատության պալատ:
Հիշեցնենք, որ Իդրիս Նաիմ Շահինը վերոնշյալ ակցիային մասնակցելու համար մեծ քննադատության է արժանացել նաև թուրքական մամուլի կողմից:










































