ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ մամուլի հարցերով խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրը Թեհրանում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է, որ Ահմադինեժադը երբեք չի բարձրացրել «թշնամական երկրներին» նավթի մատակարարման դադարեցման հարցը և երբեք չի պնդել դա.
«Իրանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հիմքում ընկած են հանդուրժողականությունը, համագործակցության բարելավումը և վիճելի հարցերը բանակցությունների միջոցով լուծելը: Ինչ վերաբերում է «Իրանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներ» արտահայտությանը, ապա դրա տակ հասկացվում են սիոնիստական (իսրայելական) ռեժիմը և ԱՄՆ-ը:
Իսկ ինչ վերաբերում է Արևմտյան Եվրոպայի երկրներին, ապա նրանց մի մասի հետ մենք պահպանում ենք բարիդրացիական հարաբերություններ, իսկ մյուս մասի հետ առկա են որոշակի խնդիրներ: Սակայն դրանք լուծելի խնդիրներ են: Վերջին օրերին մի շարք իրարամերժ հայտարարություններ են հնչել Իրանի կողմից ԵՄ-ի այս կամ այն անդամին սեփական նավթի մատակարարման դադարեցման մասին:
Ընդ որում, այդ հաղորդագրությունները բխել են ոչ միայն իրանցի պաշտոնյաներից, այլև մի շարք նավթային ընկերությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից: Պետք է զերծ մնալ նմանատիպ հայտարարություններով լարվածությունը մեծացնելուց: Իրանի նախագահի վարչակազմը ծայրահեղական միջոցների կողմնակից չէ»:
Հիշեցնենք, որ ներկայումս Իրանը հրաժարվել է սեփական նավթը ֆրանսիական և բրիտանական ընկերություններին վաճառելուց: Նշվում էր, թե Իրանը հրաժարվել է նաև Հունաստանին նավթ վաճառելուց, սակայն այդ տեղեկատվությունը հերքվեց Իրանի կողմից:









































