Ռուսաստանի Ռադիոհաճախականությունների պետական հանձնաժողովը կարող է օրինականացնել հանրային վայրերում բջջային հեռախոսներին խլացուցիչներ դնելը: Այս մասին հաղորդում է Kommersant օրաթերթը: Թերթի տեղեկություններով՝ այսպիսի սարքեր կարող են կիրառվել թատրոններում, տաճարներում և ուսումնական հաստատություններում՝ քննությունների ժամանակ:
«Բջջային հեռախոսներն անջատելու կոչերը լսում են ոչ բոլորը: Գաղտնիք չէ, որ, օրինակ, թատրոններում և եկեղեցիներում բջջային հեռախոսների աշխատանքը կարող է ոչ միայն խանգարել հավաքվածներին, այլ նաև խափանել միջոցառումը»,- թերթին ասել է հանձնաժողովում իր աղբյուրը: Կանոնակարգվելու է նաև, թե ով և որ տարածքներում իրավունք ունի գործարկելու նման սարքեր:
Հանձնաժողովում նաև հասկանում են, որ սա կարող է նվազեցնել բջջային օպերատորների եկամուտները, այդ պատճառով ցանկանում են, որպեսզի նման գործարկումը զանգվածային բնույթ չկրի: Այս նպատակով մշակվում է մի համակարգ, որը թույլ կտա անջատման մասին տեղեկացնել բաժանորդին և ստանալ նրա համաձայնությունը:










































