Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Աֆղանստանում վրացի զինծառայողների զոհվելու պատասխանատվությունը դրել է ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վրա.
«Աֆղանստանում յուրաքանչյուր վրացի զինծառայողի զոհվելու պատասխանատվությունն ընկնում է Սաակաշվիլիի վրա, որը որոշել է վրացի զինծառայողներին ուղարկել Աֆղանստան: Այդ որոշումը դրականորեն չի ազդում նրա վրա:
Եթե Սաակաշվիլին հույս ունի դրա շնորհիվ անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա նա լավ գիտի, որ այդ հարցում միայն ամերիկացիների աջակցությունը բավական չէ: Այնպես որ, Աֆղանստանում Վրաստանի կրած կորուստները չեն ծառայում Վրաստանի ապագային: Աֆղանստանում տարվող օպերացիաներին Վրաստանի մասնակցության միակ արդյունքը երիտասարդների շրջանում գրանցված զոհերն են, ինչը մեծ կորուստ է նրանց ընտանիքների համար»:
Հիշեցնենք, որ ցայժմ Աֆղանստանում զոհվել է վրացի 15 զինծառայող, որոնցից 3-ը՝ օրեր առաջ Սաակաշվիլիի աֆղանական այցի ժամանակ: Ներկայիս դրությամբ Աֆղանստանում գտնվում են 925 վրացի զինծառայողներ: Այս տարի այդ ցուցանիշը հասցվելու է 1675-ի, որով Վրաստանն Աֆղանստանում կունենա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում ամենամեծ զինվորական կոնտինգենտը:







































