Սիրիայի ներքին գործերի նախարարությունը երեկ հրապարակել է սահմանադրական հանրաքվեի մասնակցության նախնական թվերը: Ըստ ՆԳՆ-ի ներկայացուցչի՝ մասնակցել է քվեարկողների մոտ 60%-ը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
ՆԳ նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ հանրաքվեի արդյունքները չեղյալ կհամարվեն Իդլիբ, Համա և Հոմս նահանգներում, որտեղ իշխանությունների և հակակառավարական ուժերի միջև տեղի են ունենում կատաղի մարտեր: Հայտնի է նաև, որ քվեարկությունը երկարաձգվել է 3 ժամով: Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ չի ճանաչում հանրաքվեի արդյունքները:
Հիշեցնենք, որ անցած տարվա մարտին Սիրիայում սկսված հակակառավարական ելույթներից հետո երկրի ղեկավարությունը համաձայնել էր իրականացնել բարեփոխումներ և անցկացնել սահմանադրական հանրաքվե: Նոր Սահմանադրությունում ամրագրված են մի շարք նոր դրույթներ, որոնք վերաբերում են երկրի պետական համակարգին և մարդու իրավունքներին:








































