Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կրտսեր որդին` Համիսը, կենդանի է և գտնվում է Լիբիայում: Այս մասին հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Ինչպես «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը հայտնել է ասյպես կոչված «Զինտանյան ջոկատի» հրամանատար Մուխտար Ալ-Ախդարը, նրա զինվորները ձերբակալել են Մուամար Քադաֆիի զինված կողմնակիցների, ովքեր նախատեսում էին Տրիպոլիում և դրա մերձակայքում մի շարք հարձակումներ իրականացնել: Նրա խոսքերով՝ «կանաչ գրոհայինների» ղեկավարն ասել է, որ ինքը հանդիպել է Համիսի հետ:
Այս տեղեկատվությունը հաստատել է նաև Համիս Քադաֆիին բուժող բժիշկը, ով հայտնել է, որ Համիսի ոտքը կտրել են, սակայն նա ողջ է:
27–ամյա Համիս Քադաֆին անցյալ տարի Լիբիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակ ղեկավարում էր Ազգային անցումային խորհդրի դեմ պայքարող զորամիավորումներից մեկը: Լիբիացի «հեղափոխականները» հայտարարել էին Համիսի մահվան մասին, սակայն դա չի հաստատվել:
Այն մասին, որ Համիսը սպանված չի, ասել է նաև նրա եղբայրը` Սեյֆ Ալ-Իսլամը, ում ապստամբները ձերբակալել էին նոյեմբերին:










































