Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունը տեղյակ է պահել ամերիկացի օրենսդիրներին, որ մտադիր է մեծացնել ռազմական ներկայությունը Պարսից ծոցում` որպես պատասխան Հորմուզի ջրանցքը փակելու Իրանի սպառնալիքների: Այս մասին այսօր տեղեկացնում է The Wall Street Journal-ը:
Թերթը, հղում կատարելով Պենտագոնի իր աղբյուրին, գրում է, որ խոսքը Պարսից ծոց հատուկ սարքավորումների տեղափոխման մասին է, որը թույլ կտա հայտնաբերել և վնասազերծել ստորջրյա ականները: Նախատեսվում է նաև տարածաշրջանում տեղաբաշխել հետախուզական սարքեր:
Հիշեցնենք, որ Իրանը սպառնացել է փակել Հորմուզի ջրանցքը, եթե իր դեմ միջազգային պատժամիջոցներն ավելանան, և միջազգային ուժերը սկսեն ռմբակոծել նրա տարածքը: Հորմուզի ջրանցքով է անցնում աշխարհին մատակարարվող նավթի և նավթամթերքների մոտ 40%-ը:







































