«Սիրիայի բարեկամներ» խմբի ուրբաթ օրը Թունիսում սկսված միջազգային համաժողովի մասնակիցները կարող են դիմել Ռուսաստանին և Չինաստանին, որոնք սկզբունքորեն հրաժարվել են մասնակցել հանդիպմանը՝ խնդրելով ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի վրա։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը: Ընդ որում՝ ռուս զինվորականների կարծիքով՝ «Սիրիայի բարեկամներ» խմբի անդամ երկրներից մի քանիսն ակտիվորեն զինում են սիրիական ընդդիմությանը:
Սպասվում է նաև, որ համաժողովի անդամները կարող են ճանաչել ընդդիմադիր սիրիական ազգային խորհրդին որպես «խաղաղության ձգտող սիրիացիների օրինական ներկայացուցիչ»:
Ավելի հեռու կարող են գնալ բրիտանացիները: Մասնավորապես՝ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է ընդդիմադիր սիրիական ազգային խորհրդին ճանաչել որպես Սիրիայի օրինական ներկայացուցիչ:
Դեռ «Սիրիայի բարեկամներ»–ի հիմնական պահանջը բնակելի վայրեր` մասնավորապես Հոմս քաղաք, մուտք ունենալն է, որտեղ բախումներ են տեղի ունենում ընդդիմության և կառավարական զորքեր միջև:
Համաժողովի մասնակիցները երաշխավորում են, որ մուտք ստանալու դեպքում մարդասիրական բեռներն այդ վայրեր կարող են հասնել 48 ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Թունիսում «Սիրիայի բարեկամներ» խմբի համաժողովին մասնակցում են Արաբական երկրների լիգայի բոլոր անդամ պետությունները, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները` բացառությամբ Ռուսաստանի և Չինաստանի, ինչպես նաև՝ Եվրամիության երկրները: Ֆորումին մասնակցության հրավեր ստացել է նաև Սիրիայի ազգային խորհուրդը: Սիրիայի իշխանության ներկայացուցիչները հանդիպմանը չեն մասնակցում:
Ինչպես հայտնել է ИТАР-ТАСС-ը, հղում անելով Թունիսի ժամանակավոր նախագահ Մոնսեֆ Մարզուկիին, իր երկիրը կողմ է սիրիական ճգնաժամի խաղաղ լուծմանը և դեմ է այդ երկրում ռազմական միջամտությանը:
Թունիսի ԱԳ նախարար Ռաֆիկ Աբդեսալեմը հայտարարել է, որ «Համաժողովը հստակ ուղերձ կուղարկի, որպեսզի դադարեցնի հանցագործությունները Սիրիայում: Անհրաժեշտ է պաշտպանել սիրիական ժողովրդին և պահել նրա արժանապատվությունը»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ Բաշար Ասադի կառավարությանը կոչ է արել միջազգային հանրության պահանջներին ընդառաջ գնալ և երկիր թողնել մարդասիրական առաքելություններ: «Եթե դա տեղի չունենա, Ասադի ձեռքերին «ավելի շատ արյուն կլինի»»,– հայտարարել է Քլինթոնը:
Նա նաև համաժողովին ներկա բոլոր երկրներին կոչ է արել իրենց տարածքում արգելել Ասադի վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը, սառեցնել նրանց ակտիվները, բեռնարգելք դնել սիրիական նավթի առաքման վրա, դադարեցնել ներդրումները, ինչպես նաև քննարկել սիրիական դեսպանատների և հյուպատոսարանների փակման հարցը:








































