Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկին «Սիրիայի բարեկամներ»–ի համաժողովի ժամանակ իր ելույթում կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա ընտանիքին անձեռնմխելիություն շնորհել։ Նա Ռուսաստանին առաջարկել է ընդունել Ասադին՝ որպես քաղաքական փախստականի։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը:
«Մենք պետք է քաղաքական լուծում գտնենք, օրինակ, Սիրիայի նախագահին, նրա ընտանիքին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին անձեռնմխելիություն շնորհել և ազատել դատական հետապնդումներից, իսկ Ռուսաստանն էլ կարող էր նրանց քաղաքական ապաստան տալ»,-հայտարարել է Մարզուկին:
«Սիրիայի բարեկամներ»–ի առաջին հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Թունիսում: Մասնակցում է մոտ 70 երկիր, այդ թվում՝ արաբական երկրների մեծ մասը, ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Թուրքիան, որոնք բոլորը հանդես են գալիս ի աջակցություն սիրիական ընդդիմության»։











































