Թումանյանի տունը ժամանակավոր կհամարվի գրողների միության սեփականությունը: Երեկ կեսօրին կնքվել է Թումանյանի թիֆլիսյան տան առքուվաճառքի պայմանագիրը: Փաստաթղթերը պատրաստվել են հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Նրա խոսքերով՝ շենքը որոշ ժամանակ կմնա որպես գրողների միության սեփականություն: Այնուհետև վիրահայոց թեմում ՀՀ կառավարությունը, Վրաստանում Հայաստանի դեսպանը և Վրաստանի հայկական համայնքը կորոշեն Թումանյանի տան ճակատագիրը:
«Մի բան պարզ է՝ այն կլինի մշակութային օջախ և կկրի Թումանյանի անունը»:
Տան մի մասի սեփականատեր Արչիլ Լեժավան արդեն ավարտել է տան վերանորոգման աշխատանքը: «Անելու շատ քիչ բան կա: Շատ արագ կարող ենք ավարտել վերանորոգման բոլոր աշխատանքները: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն սրբազանը համագործակցում է մի սրբազանի հետ, ով պատրաստ է ավարտել տան վերանորոգման աշխատանքը»:
Վերջում Անանյանը հավելեց, որ Թումանյանի թիֆլիսյան տանը մնացել է միայն անշարժ գույքը, իսկ շարժական գույքը գտնվում է Թումանյանի տուն-թանգարանում:






































