Հոլանդացի կոլեկցիոներ Վան դեր Բունտը վաճառքի է հանել ալկոհոլի իր եզակի հավաքածուն,- տեղեկացնում է korrespondent.net-ը:
Այն գնահատվում է մոտ 8 մլն դոլար։ Հավաքածուի մեջ կա մի կոնյակ, որը պատկանել է հենց Նապոլեոնին:
Խոսքը վեց լիտր պարունակությամբ, 1795 թ. Brlleugero կոնյակի մասին է: Այս ալկոհոլային խմիչքը եղել է Նապոլեոն Բոնապարտի սեփականությունը: Շիշը գնահատվում է մոտ 170 հազար դոլար:
Սակայն հոլանդացու հավաքածուի մեջ, բացի այդ կոնյակից, տեսնելու շատ բան կա. հավաքածուն բաղկացած է գրեթե հինգ հազար շիշ ոգելից խմիչքներից, որոնց մեծ մասի տարիքը մոտ 250 տարի է:
Այս հավաքածուն դեր Բունտը ձեռք է բերել երկար տարիների ընթացքում` գնելով Sotheby’s և Christie’s աճուրդի ժամանակ, ինչպես նաև տարբեր էլիտար ռեստորաններից, ընդ որում՝ հոլանդացին բացարձակ չխմող մարդ է:
Ժամանակին նա խոստացել է իր կնոջը, որ ինքը հավաքածուն կվաճառի, երբ իրենք թոշակի անցնեն: Եվ, ահա, հիմա եկել է խոստումը կատարելու ժամանակը։