Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, զարմացած է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր «շուրջն է հավաքում» 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչներին՝ սկզբում նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, իսկ հիմա էլ, շրջանառվող լուրերի համաձայն, ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանին: Այս մասին Ալլա Հովհաննիսյանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Կարծում եմ՝ սա պատճառ կդառնա, որ ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ քիչ ձայներ ստանա: Միգուցե Վարդան Օսկանյանը շատ խելացի է, բայց գտնում եմ, որ իր անդամությամբ քիչ օգուտ է բերելու ԲՀԿ-ին: Իսկ թե ինչն է պատճառը, որ այս մարդիկ համախմբվում են ԲՀԿ-ի շուրջը՝ չեմ կարող մեկնաբանել: Հնարավոր է՝ ուզում են նրանց ԲՀԿ ուղարկելով՝ մաքրել ՀՀԿ-ն: Բայց այն, որ Վարդան Օսկանյանն ու Տիգրան Թորոսյանը օգուտ չեն բերելու ԲՀԿ-ին, և այն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս առումով ճիշտ քայլ չի անում՝ միանշանակ է… եթե, իհարկե, ինքն է նրանց իր կուսակցություն տանում, ոչ թե ուղեգրով նրանց ուղարկում են ՀՀԿ-ից»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Տիգրան Թորոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր՝ եթե ԲՀԿ-ին անդամակցելու հարց լիներ, ինքն անձամբ կհայտարարեր այդ մասին:







































