Բանակն այսօր ծառայում է իբրև ստրկամտության դպրոց: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հրապարակախոս Արա Նեդոլյանը`խոսելով բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահվան դեպքերի պատճառների շուրջ: Ըստ նրա` բանակում գրանցվող դեպքերի պատճառը բանակի ստրկատիրական բնույթն է: «Բանակն այսօր մեզ համար ծառայում է իբրև ստրկամտության դպրոց, իբրև երիտասարդությունը ջարդելու հենց այդ բարքերի տարածման միջոցով»,- նշեց Արա Նեդոլյանը`հավելելով, որ ելքը մեկն է` անցում դեպի ազատ պրոֆեսիոնալ բանակի, երբ մարդիկ գիտակցաբար անում են այդ գործը և ընկալում են իբրև իրենց կյանքի գործ:
Անդրադառնալով «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության զանազան ակցիաների ազդեցությանը` նա ասաց, որ դրանք դրական են: Նրա համոզմամբ` խնդրի ուղղությամբ սևեռվում է հասարակական ուշադրությունը: «Երբ ուշադրություն է սևեռվում խնդրի ուղղությամբ, միտքն է սկսում աշխատել և ելք փնտրել, թե ո՞րն է այս իրավիճակից ելքը, որո՞նք են պատճառները»,- այս առումով ակցիաները դրական գնահատեց հրապարակախոս Արա Նեդոլյանը:
Նա չհամաձայնեց ՀՀ պաշտպանության նախարարի այն պնդումներին, թե բանակում գրանցվող դեպքերը պակասել են, ասելով, որ դրանք չեն կարող պակասել, քանի որ իրենց սնուցող, ստեղծող մթնոլորտն անփոփոխ է: «Այդ մթնոլորտը նախարարությունը հազիվ թե ցանկանա վերացնել, որովհետև եղած ռեժիմի տրամաբանության մեջ մարդկանց ստորացնելն անհրաժեշտություն է»,- մեկնաբանեց Արա Նեդոլյանը` հավելելով, որ գուցե իրենք կցանկանային, որ մինչև մահ չհասցնեին զինծառայողներին, բայց դա իրենցից կախված չէ:
Հիշեցնենք, որ այսօր «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը հերթական երթն անցկացրեց դեպի նախագահական նստավայր:











































