Ուկրաինայում ազգայնական քաղաքական գործիչն այսօր բարկության ալիք է բարձրացրել՝ աֆրիկյան ծագում ունեցող երգչուհու մասին իր ռասիստական մեկնաբանություներով: Երգչուհին պատրաստվում է երկիրը ներկայացնել «Եվրատեսիլ» երգի մրցույթում:
AFP-ն հաղորդում է, որ «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչ Յուրի Սիրոտնյուկը տեղական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ երգի մրցույթին հետևում են միլիոնավոր մարդիկ, և դա անընդունելի է, որ Ուկրաինան ներկայացնի մի երգչուհի, որն ուկրաինացիների ռասային չի պատկանում: Քաղաքական գործիչը կարծում է, որ դա կստիպի եվրոպացիներին մտածել, որ Ուկրաինան Աֆրիկայում է գտնվում:
Շաբաթ օրը տեղի ունեցած քվեարկության արդյունքում պարզվել է, որ Ուկրաինան ներկայացնելու է 32-ամյա երգչուհի Գայտանան՝ իր Be My Guest երգով:
Աղջկա հայրը կոնգոլեզցի է, մայրը՝ ուկրաինացի: Ինքը՝ Գայտանան, մինչ Ուկրաինա տեղափոխվելն ապրել է Կոնգոյի Հանրապետությունում։ Ուկրաինայում նա դարձել է հանրահայտ երգչուհի:








































