Արդյունաբերական ձեռնարկության նկատմամբ պետք է հատուկ մոտեցում լինի, կանաչ միջանցք մշակվի, հարկային քաղաքականությունը պետք է առանձնահատուկ բնույթ կրի, որ արդյունաբերությունը գործի:
Հանրային խորհրդի արդյունաբերության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Կառլոս Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արդյունաբերողների համար մի շատ ցավալի խնդրի օրինակ բերեց. ձեռնարկությունն ունի պատվեր, բայց տարիներ շարունակ բարբարոսաբար հասցվում է այն դրության, որ շրջանառու միջոցները խայտառակ վիճակի մեջ են: Հիմա ձեռնարկությունը պատվեր է կատարում, բայց պարտք է բյուջեին: Դա կարող է լինել չնչին գումար՝ 1.5-1.8 մլն դրամ, որը չվճարելու համար պատժվում է՝ կալանք է դրվում գույքի և հաշվեհամարի վրա: Արդյունքում ձեռնարկությունն այդ փուլում զրկվում է շրջանառու միջոց ունենալու հնարավորությունից, աշխատեցնելու և կոմպլեկտավորող իրերով ու նյութերով համալրելու պատվերի կատարումը: Եթե ձեռնարկությունը պատվերը կատարի, գումարը ստանա, ապա կկարողանա կատարել հարկային պարտավորությունները, բայց ոչ ոք դա հաշվի չի առնում:
«Կալանք դնելու դեպքում ձեռնարկությունը ենթարկվում է կոլապսի և իր հիմնական ֆունկցիան՝ արտադրել, չի կարողանում իրականացնել: Այդ պարագայում ստիպված հապշտապ վաճառում է որևէ գույք՝ խայտառակ էժան գնով, որից հետո կարողանում է հաշիվն ազատել կալանքից, պատվերը կատարում է, բայց զրկվում է արտադրական միջոցի մի մասից»,- ասաց Կ.Պետրոսյանը:
Նրա խոսքով, իրականում ավանդական արդյունաբերական ձեռնարկությունները աջակցության կարիք շատ ունեն, որովհետև «նրանց մեջքին կանգնած չեն օլիգարխը, հարուստ ներդրողները»: Ըստ գործարարի`նան դեպքերը շատ են, որ ձեռնարկությունները տուժում են այդ կալանքից:
«Պետք է դրական վերաբերմունք լինի մեր նկատմամբ: Արդյունաբերողը կաթնատու կովն է, չի կարելի մսի պահանջարկի դեպքում մի բուդը կտրել ու ասել՝ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ թող լինի»,- նշեց Կ.Պետրոսյանը` շեշտելով, որ ձեռնարկության վրա արգելանքի դրման խնդիրները պետք է վերանայվեն:








































