Եմենում ավարտվել են արտահերթ նախագահական ընտրությունները, որի արդյունքներով պաշտոնապես երկրի ղեկավարի պաշտոնում հաստատվել է նախագահի հրաժարականից հետո երկիրը կառավարող փոխանախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին: Այս ընտրություններով, փաստորեն, ավարտվում է Ալի Աբդալլահ Սալեհի 33-ամյա դարաշրջանը:
Ընտրությունների արդյունքներն ամփոփելուց և երդվելուց հետո Հադին, որի լիզաորությունների ժամկետը կավարտվի 2 տարի անց, կզբաղվի նոր Սահմանադրական պետության ստեղծման և ազատ ընտրությունների անցկացման աշխատանքներով:
Եմենը մնում է արաբական աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը: Երկրի տնտեսական կայունության մասին խոսք անգամ չի կարող լինել: Բացի այդ, Եմենում ակտիվորեն գործում «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման բջիջներից մեկը, որը մշտապես սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը: Անգամ ընտրությունների օրը մի քանի ահաբեկչություններ են տեղի ունեցել ընտրական տեղամասերում:
Հիշեցնենք. 2011 թ. նոյեմբերի 23-ին 33 տարի Եմենը ղեկավարած Ալի-Աբդալլահ Սալեհը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էռ-Ռիյադում ստորագրեց համաձայնություն, որով հրաժարվում էր իշխանությունից: Պայմանագիրը Սալեհին և նրա ընտանիքի անդամներին ապահովում էր անձեռնմխելիություն և իշխանությունը փոխանցում էր երկրի փոխնախագահ Հադիին:
Նշենք, որ Սալեհի հրաժարականին նախորդել է երկարատև ապստամբությունը:










































