Սեյրան Օհանյանը ընդունել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին, որի հետ հանդիպմանը երկուստեք կարևորվել է բանակում մարդու իրավունքի պաշտպանության և զինվորների իրավագիտակցության մակարդակի բարձրացման հարցը: Սա անեկդոտի նման է հնչում Հայաստանի բանակում առկա՝ պարզապես ողբերգական իրավիճակի ֆոնին, երբ սկսել են իրար հաջորդել ոչ կանոնադրական հարաբերության կամ ոչ բավարար բուժսպասարկման հետևանքով զոհերի մասին տեղեկությունները:
Այս իրավիճակում մի կողմից՝ միանգամայն բնական և օրինաչափ է, որ բարձրանում է բանակում մարդու իրավունքի պաշտպանության և զինվորների իրավագիտակցության բարձրացման խնդիրը, բայց մյուս կողմից՝ պարզ հարց է առաջանում, թե նմանօրինակ արարողակարգային հայտարարություններից և հաղորդագրություններից անդին դեռ քանի զոհ է պետք բանակում, որ այդ խնդիրների կյանքի կոչման ուղղությամբ կատարվեն պրակտիկ քայլեր: Այլապես ստացվում է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները այս կամ այն բնագավառում ընդունում են միջազգային կառույցների ղեկավարներին, նրանց համոզում, որ տրամադրվեն, այսպես ասած, իրավագիտակցության ու իրավապաշտպանության մակարդակը բարձրացնելուն միտված ծրագրերի դրամաշնորհներ, սակայն իրավիճակը գործնականում շարունակում է մնալ անփոփոխ, և թե՛ զինվորն է մնում իրավապես անգրագետ ու նույնիսկ պարզապես հենց տարրական գրագիտությունից զուրկ, որովհետև Հայաստանում բանակը դարձել է աղքատ և թերուս խավի ներկայացուցիչների հանգրվան, թե՛ բանակում մարդու իրավունքի պաշտպանությունն է մնում վտանգավորության աստիճանի ցածր մակարդակի վրա:
Եվ արդյունքում ստացվում է անեկդոտ, որը, սակայն, ամենևին ծիծաղելի չէ, քանի որ մենք պարբերաբար գործ ենք ունենում մարդկային զոհերի հետ, որոնք չափազանց թանկ են՝ ընդհանրապես և դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանի Հանրապետության համար՝ մասնավորապես: Նաև այս առումով կա մի հատկանշական հանգամանք: Պաշտպանության նախարարը սիրով հանդիպում և բանակի խնդիրների, իրավական հարցերի մասին խոսում է միջազգային կազմակերպության ներկայացուցչի հետ, իսկ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների համանման առաջարկները, դիտողությունները, քննադատությունը ոչ թե արժանանում են համարժեք ընդունելության և անկեղծ ու առարկայական քննարկումների, այլ որակվում են որպես «գրանտակերություն»: Մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության համար հայկական զինուժում առկա իրավապաշտպանության, իրավագիտակցության խնդիրները լուծելու թիվ մեկ գործընկեր պետք է լինի Հայաստանի քաղաքացիական իրավագիտակից հանրությունը, որովհետև որևէ մի այլ կառույցի կամ սեգմենտի համար Հայաստանի զինուժի վիճակը առավել կարևոր և էական չէ, ինչքան հենց Հայաստանի քաղաքացիական հասարակության համար: Իսկ այն, որ պաշտպանական գերատեսչությունը առավելապես նախապատվություն է տալիս միջազգային կառույցների հետ արարողակարգերին, քան սեփական հասարակության հետ առարկայական քննարկումներին, հուշում է, որ ռազմական գերատեսչության համար գլխավորը արարողակարգն է, ոչ թե առարկայական և արդյունավետ քննարկումը:











































