Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պարզվում է, որ երեկ Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ տարածված ահաբեկիչների մասին տեղեկատվությունը second hand (երկրորդ ձեռք) է:
Այսինքն՝ երեկ ցուցադրված այն կադրերը, որոնցում երևում են ահաբեկիչներից առգրաված զենքն ու օտար դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ ահաբեկչությունների նախապատրաստումը, իրականում արվել են 2008 թվականին: Այս տեղեկատվությունը հաստատել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հասարակական կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը:
Turan-ը զարմանք է հայտնում, թե ինչո՞ւ են պետական հեռուստատեսությանը պետք եկել 4 տարվա վաղեմություն ունեցող կադրերը՝ ընդգծելով, որ կարելի է միայն կռահել (երեկ Իրանն Ադրբեջանին նոտա էր հղել՝ կապված այդ երկրում իր լրագրողների ձերբակալության հետ: Դրանից քիչ առաջ Իրանը ևս մեկ նոտա էր հղել Ադրբեջանին՝ սեփական տարածքը հակաիրանական գործունեության համար իսրայելական հետախուզությանը տրամադրելու համար: Այս «նոր» կադրերը կօգնեն Ադրբեջանին պատասխան նոտա հղել Իրանին.– 1in.am):
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական AzTv հեռուստաալիքը հայտնել էր, թե իրենց երկրում ձերբակալվել է կազմակերպված հանցախումբ (20 մարդ), որը ծրագրել էր հրազենի և պայթուցիկների միջոցով հարձակումներ իրականացնել օտարերկրյա քաղաքացիների դեմ: Հեռուստաալիքն այս տեղեկությունը ստացել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից: Նշվում էր, որ հանցագործները իրանական «Սեփահ»-ի (Իրանի Իսլամական հեղափոխության պահակազոր) և «Հիզբոլլահի» ներկայացուցիչներ են:









































