Շաբաթ օրը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել է ԲՀԿ-ին անդամակցության դրդապատճառները, նկատելով, թե դա իր համար քաղաքականություն վերադառնալու ամենաարդյունավետ ճանապարհն է:
Օսկանյանը ԲՀԿ-ին անդամակցելու երեք պատճառներ է մատնանշել. «Առաջինը, որ իրենց աշխատաոճը բավական համահունչ է իմ բնույթին: Որովհետև այս տարիների ընթացքում ո՛չ ժողովրդի հակակրանքն է առաջացրել, ո՛չ էլ մյուս քաղաքական ուժերի: Նորմալ հարաբերություններ է ունեցել բոլորի հետ: Եթե նկատել եք` նույնը ես եմ արել»: ԲՀԿ-ին անդամակցելու երկրորդ պատճառն այն է, որ Օսկանյանի համոզմամբ, «ԲՀԿ-ն իսկապես ուզում է դառնալ Հայաստանի զարգացմամբ շահագրգիռ անձանց համախմբող պլատֆորմ»: Եվ երրորդ պատճառը` Օսկանյանի համար ընդունելի են «ԲՀԿ ծրագրի և կանոնադրության դրույթներն ու ընդհանուր մոտեցումները»:
Թվում է, թե ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար միանգամայն ընկալելի դրդապատճառներ են ներկայացվում, սակայն այս ամենը տրամաբանական կհնչեր գուցե այլ քաղաքական գործիչների համար, բայց ոչ երբեք Օսկանյանի դեպքում: Օսկանյանը տասը տարի եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն, ավելին` Ռոբերտ Քոչարյանի հեռացումից հետո նա պարբերաբար հանդես է եկել գործող իշխանության վարած թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությանն ուղղված քննադատությամբ: Ժամանակ առ ժամանակ պարզվում էր, որ նա արդեն նկատում է, որ Հայաստանը լրջագույն և խորքային բարեփոխումների կարիք ունի, մինչդեռ իր՝ իշխանավոր եղած տարիներին դրանք չէր տեսնում: Սա, ինչպես ասում են, իր գործն է` թող քննադատի, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Օսկանյանը հիմա անդամակցում է մի կուսակցության, որը ոչ միայն իշխող կոալիցիայի մաս է, այլև ողջունել է Սերժ Սարգսյանի դիրքորոշումը թե՛ ԼՂ հակամարտության, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում և ինչ-որ առումով` նաև կիսում է պատասխանատավություն:
Ի՞նչ է ասել Օսկանյանը 2008-ից հետո: 2009-ի հուլիսին օրինակ «168 ժամ» թերթին տված հարցազրույցում կարդում ենք. «Նախկին իշխանության օրոք Հայաստանը չի իջեցրել ազգային շահերի նշաձողը. Հայաստանում և ԼՂ-ում կան մարդիկ, որոնց համար Արցախի հիմնախնդրում ցանկացած զիջումը անընդունելի է, հետևաբար ղարաբաղյան հարցի կարգավորման առնչությամբ յուրաքանչյուր փաստաթուղթ հասարակության այս շերտի համար ինքնին անընդունելի է»: Ինչ վերաբերում է անընդունելի սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձնել ԼՂ-ին կից տարածքները, ըստ նրա, «եթե կարողանանք հասնել այն բանին, որ Հայաստանի և ԼՂ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածքները վերադարձվեն այն դեպքում միայն, եթե լիովին իրագործվի ինքնորոշման իրավունքը, դա կլինի բոլորովին այլ հարց»:
Անցյալ տարի հունիսին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում էլ Օսկանյանը ավելի ընդգրկուն պարզաբանումներ տվեց: Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման երկու սկզբունքները պետք է արտացոլվեն մեկ համաձայնագրում, ինչը Ադրբեջանի նախագահը նշել է որպես դրական երևույթ, Օսկանյանն ասել էր. «Միանշանակ, եթե դա Ադրբեջանի նախագահն է ասում, փաստորեն, դրա մեջ պետք է կարդալ, որ նա առավելությունը տալիս է տարածքային ամբողջականությանը, այսինքն` նա նկատի ունի, որ ինքնորոշումը կլինի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այլ բան Ալիևից ակնկալել, ես կարծում եմ, միամտություն կլինի»: Իշխանությունների «քար լռություն» պահպանելու քաղաքականությունը անթույլատրելի համարելով, Օսկանյանը հավելել էր. «Ես գոնե լավ գիտեմ, թե տարակարծությունները ինչ են, որն էր նշաձողը, որ մենք ունեինք, Ադրբեջանի նշաձողը որն է: Երբ այսօր խոսք է գնում, որ հնարավոր է ինչ-որ բան ստորագրել, նշանակում է` կողմերից մեկը նշաձողը իջեցրել է, միգուցե երկուսն են իջեցրել: Եթե մենք իջեցրել ենք` ինչքա՞ն ենք իջեցրել: Որովհետև իմ իմացած նշաձողը այդ օրերին արդեն սահմանագծային նշաձող էր, եթե դա իջել է, ես ուղղակի չգիտեմ` առաջին հերթին ԼՂ-ի ժողովուրդը, ԼՂ-ի ղեկավարությունը, վերջ ի վերջո հայ ժողովուրդը ո՞նց կարող է դա ընդունել…Մեր ուղենիշը պետք է լինեն մեր ազգային շահերը` ինչ կարող ենք զիջել, ինչ կարող ենք չզիջել»: Ավելի բուռն քննադատությամբ Օսկանյանը հանդես էր գալիս նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրման առիթով. «Ես երբեք չէի համարձակվի այսպիսի փաստաթուղթ դնել մեր ժողովրդի առաջ: Ես երբեք այսպիսի փաստաթուղթ չէի ստորագրի, և վստահեցնում եմ ձեզ, չեմ նախանձում այն մարդուն, որը շուտով այս փաստաթղթերը պիտի ստորագրի»:
Հիմա ցանկացած տրամաբանող մարդու ուղեղում մի հարց է ծագում` ի՞նչ է փոխվել այսօր. ԲՀԿ-ն այլևս ԼՂ խնդրում և հայ-թուրքական կարգավորման հարցում Ս.Սարգսյանի վարած քաղաքականության կողմնակի՞ցը չէ… Կամ գուցե Օսկանյա՞նն է փոխվել և այլևս այս հարցերում չի քննադատելու գործող իշխանությանը… Թե՞ ԲՀԿ-ն է փոխվել` արտաքին քաղաքական հարցերում քննադատելու է Ս.Սարգսյանին, թեև որպես կոալիցիոն ուժ այդ քաղաքականության պատասխանատուներից է… և ընդհանրապես, հարկ է նաև հարցնել` իսկ ո՞րն էր Օսկանյանի «նշաձողը», օրինակ, ԼՂ կարգավորման հարցում: Սա դիտարկելու համար կարող ենք վերհիշել Օսկանյանի օրոք ԼՂ կարգավորման կողմերին առաջարկված` 1998թ. «ընդհանուր պետության» տարբերակը, որն, ի դեպ, մամուլում հրապարակվել է: Վերհիշենք, որ Քոչարյանն ու Օսկանյանը 1998-ի պալատական հեղաշրջման հիմնական պատճառ ներկայացնելով ԼՂ հարցում Լ.Տեր-Պետրոսյանի «պարտվողական» դիրքորոշումը` խոստացել էին ԼՂ խնդիրը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով և 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել: Արդյոք դա՞ էր ենթադրում 1998-ի «ընդհանուր պետությունը»: Ամենևին…
Նախ փաստենք, որ «ընդհանուր պետություն» տարբերակը փուլային էր, հակառակ Քոչարյանի պնդումների, թե նրա համար ընդունելի է փաթեթային լուծում: Այն ամրագրում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ի տարբերություն 1997թ. փուլային տարբերակի, որտեղ դա չէր արվում, իսկ ԼՂ կարգավիճակի սահմանման հարցում՝ 1997թ. փաթեթայինի համեմատ թուլացնում է ԼՂ փաստացի անկախությանը վերաբերող դրույթները: Հաջորդը` «ընդհանուր պետություն» փաստաթղթով լուծվում էր միայն ԼՂ-ի կարգավիճակը, իսկ Լաչինի կարգավիճակը մնում էր ապագայի լուծման հարց: Եթե 1997թ. փուլային տարբերակում հաջողվում էր խուսափել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից, ապա «ընդհանուր պետությունում» ԼՂ-ն ամրագրվում էր որպես Ադրբեջանի մաս: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամրագրող կետը այսպես էր սահմանված. «ԼՂ-ն հանդիսանում է հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: «Ընդհանուր պետությունով» Հայաստանը և ԼՂ-ն, փաստորեն, ընդունել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Հայաստանի իշխանությունները պաշտոնական պատասխանում այս թեմայով որևէ վերապահում չէին հայտնել` սահմանափակվելով միայն այս ձևակերպմամբ` «դրանց կանդրադառնան բանակցությունների ընթացքում»: Ադրբեջանը իհարկե մերժեց «Ընդհանուր պետությունը», քանի որ նրա ախորժակը ավելի մեծ էր: Հետագայում Մեղրիով Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցքի ստեղծումը դարձավ քննարկման առարկա և առաջ եկավ չարաբաստիկ «Մեղրիի տարբերակը»: Եվ եթե չլիներ 1999-ի հոկտեմբերի 27-ը, ապա հնարավոր է, որ ստորագրվեր տարածքների փոխանակման սկզբունքի հիման վրա մշակված կարգավորման ծրագիրը, որը մեր հասարակությանը առավելապես հայտնի է «Մեղրիի տարբերակ» անվանումով:
Ահա սա է եղել Օսկանյանի «նշաձողը»: Հիմա հարց ԲՀԿ-ին` կուսակցության շարքերն են ընդգրկել ո՞ր Օսկանյանին` 1998-2008-ը իշխանավարա՞ծ, թե՞ 2008-ից Ս.Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը քննադատող Օսկանյանին… Եթե առաջինին, ապա հասարակությունը լուրջ մտորելու առիթ ունի «մադրիդյան սկզբունքների» կնքահոր անկեղծությանը հավատալու հարցում, իսկ եթե երկրորդին` ապա ի՞նչ գործ ունի նա ԲՀԿ-ում, եթե այս կուսակցությունը կիսում է Ս.Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, բայց որի հետ համաձայն չէ Օսկանյանը…









































