Արձակագիր Էդգար Կոստանդյանն իր kostandyanblog-ում տեղեկություն է զետեղել, որտեղ մասնավորապես նշված է, որ թատերագիր-հրապարակախոս Վահրամ Սահակյանի առողջական վիճակը դեռ հուսադրող չէ:
«Հիվանդությունները, որոնք կտրուկ սկսել էին փետրվարի 11-ից, կարծես ավելի են բարդացել։ Առայժմ դժվար է կոնկրետ արտահայտվել իրավիճակի մասին (մանավանդ տեղեկությունները շատ տարբեր են, երբեմն`իրար հակասող), որովհետև հեռախոսը համարյա չի վերցնում, տանից դուրս է գալիս 2-3 օրը մեկ՝ 10-15 րոպեով, կտրականապես հրաժարվում է հիվանդանոց տեղափոխվելուց, բավական խիստ ու բացասական է արտահայտվում բոլոր բժիշկների և «գոմանման» հիվանդանոցների մասին»,- իր բլոգում գրել է Է. Կոստանդյանը:
Արձակագիրը գրում է, որ Վ. Սահակյանի ընկերներն առավելապես զբաղվում են անհրաժեշտ դեղամիջոցների հայթայթմամբ, իսկ վերջինս գերադասում է տեղափոխվել առավելապես տաք կլիմա ունեցող որևէ ծովափնյա երկիր, ուր հնարավոր կլինի ապաքինվել։
Վ. Սահակյանի vraert.com կայքն անորոշ ժամանակով դադարեցրել է իր աշխատանքները: Կասեցվել են նաև գրողի էջերը բոլոր սոցցանցերում, դադարեցված են հոդվածները մամուլում:











































