Իսպանիայի Վալենսիա քաղաքում ոստիկանությունը մահակներով ծեծել և ձերբակալել է զանգվածային ուսանողական ակցիայի մի քանի մասնակիցների:
Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, ոստիկանության և ցուցարարների միջև բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ ուսանողները դուրս են եկել փողոց՝ բողոքելով կրթության ոլորտում բյուջետային միջոցների կրճատումների դեմ, որի հետևանքով լսարանները մնացել են առանց ջեռուցման:
Անկարգություններից հետո տարածված լուսանկարներում և տեսագրություններում երևում է, թե ինչպես են ոստիկանները մահակներով և պաշտպանիչ սաղավարտներով հետևում, ծեծում ու գետնին տապալում ցուցարարներին:
Տեղի El Pais թերթը գրում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ռետինե գնդակներով կրակել են ցուցարարների վրա: Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են մեծ թվով վիրավորների մասին:
Տեղի ոստիկանության ղեկավար Անտոնիո Մորենոն հայտարարել է, որ ոստիկանությունը «համաչափ ֆիզիկական ուժ» է գործադրել ցուցարարներին ցրելու համար: «Ուժեղ ագրեսիան պահանջում է համաչափ պատասխան»,- ասել է նա:
Ոստիկանությունից, այնուամենայնիվ, չեն հայտնել՝ քանի մարդ է ձերբակալվել: Ըստ ԶԼՄ-ների՝ ձերբակալվածների թիվը տատանվում է 14-21-ի սահմաններում, նրանց մեջ կան անչափահասներ:









































