«ՀԺ»-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ օրեր առաջ ռուսահայոց համայնքների ղեկավարները հրավիրվել են Մոսկվա` նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինին աջակցելու հրահանգ ստանալու համար:
«Հանդիպումը կազմակերպել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և Հայ Առաքելական եկեղեցու ռուսահայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը: Նրանք Պուտինի մասին խոսել են որպես ընկերոջ և հայերի բարեկամի:
Եվ ահա անցած շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգի Ապստամբության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքին՝ ի պաշտպանություն վարչապետ Պուտինի, տասը հազարից ավելի մասնակից ունեցող ակցիային կազմակերպված ձևով ներգրավված են եղել նաև քաղաքի հայ համայնքի մտավորականության և վետերանների ներկայացուցիչները, Առաքելական եկեղեցուն կից կազմակերպություններ:
Հայ համայնքի մեծամասնությունը կարծում է, որ չնայած Պուտինն առանձնապես մեծ գործեր չի արել հայության համար, այնուամենայնիվ, նրա ընտրվելու պարագայում Ռուսաստանի ազգային փոքրամասնությունների կյանքը կայուն ձևով՝ առանց ցնցումների, ապահովված կլինի: Այսպես, մարտի չորսին ՌԴ փաստացի ղեկավարը բազմաթիվ քվեներ կստանա նաև Ռուսաստանի հայ համայնքներից»,- այս մասին Սանկտ Պետերբուրգից հայտնում է թերթի թղթակից Գագիկ Աղբալյանը:








































