Վաղը` փետրվարի 21-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն դեղորայքի շուկայի վերաբերյալ պետական գնումների ոլորտում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները:
ՏՄՊՊՀ լրատվական ծառայության ղեկավար Գայանե Սահակյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ պետական գնումների ոլորտը տարվա համար ընտրվել է որպես առաջնահերթություն: Այս համակարգում նման խորությամբ ուսումնասիրություններ դեռ չեն իրականացվել: «Հանձնաժողովի դիտարկումները փաստում են համակարգում օրենսդրության խախտումներ: Սկսվել է դեղորայքի շուկայի ուսումնասիրությունից, հետագայում կուսումնասիրվեն պետական գնումների համակարգում ընդգրկված այլ ուղղություններ: Հիմնականում խնդիրները վերաբերում են մրցույթների անցկացման կարգին և, ընդհանրապես, օրենսդրական հնարավոր խախտումներին, քանի որ ոչ պատշաճ ծանուցումը կամ անցկացումը հանգեցնում է մրցակցության սահմանափակման»,- ասաց Գ. Սահակյանը:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական գնումների ոլորտում ներգրավված 134 առողջապահական հաստատությունների և դեղերի վաճառքով զբաղվող 314 ընկերությունների գործունեությունը` մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման նպատակով:










































