«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբ էր հրավիրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ գնահատելու ներքաղաքական ներկայիս իրավիճակը և ներկայացնելու իր քաղաքական ծրագրերը:
Նա նշեց՝ քանի որ կուսակցական է, հետևաբար համագումարից հետո կորոշվի, թե նա ինչ ընտրակարգով է մասնակցելու ընտրություններին՝ մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական։ Վ. Այվազյանը միաժամանակ նշեց, որ իր համար խնդիր չկա՝ նա չորս անգամ հաղթել է ընտրություններում:
«Եթե քաղաքական հաղթանակ լինի, նշանակում է՝ կառավարման լծակներ ենք ձեռք բերում»,- հավելեց նա՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ընդգրկվի կառավարության կազմում: «Բնական եմ համարում, որ Աժ ընտրություններից հետո համամասնական ցուցակով ներկայացվածները ընդգրկվեն գործադիրում: Ես հակված եմ, որ նախարարները լինեն քաղաքական դեմքեր, ոչ թե բացառապես արհեստավարժ»:
Երկու անգամ՝ համամասնական, երկու անգամ մեծամասնական ցուցակով ընտրված Վ.Այվազյանը անդրադառնալով համամասնական-մեծամասնական ընտրակարգերի շուրջ ծավալված բանավեճին՝ նշեց, որ կողմ է նման քննարկումների, բայց համամիտ չէ դրա կողմնակիցների առաջ քաշած պատճառաբանությունների հետ. «Ով պարապ է մնում, կուսակցություն է ստեղծում, տնեցիներով կուսակցություն են դառնում… Ընտրություններից առաջ այսպիսի հարց բարձրացնելը զուտ նախընտրական նպատակ ունի»,- նկատեց նա:
Ըստ Վ. Այվազյանի՝ ֆինանսատնտեսական հանձնաժողովն է հեղինակել նստաշրջանների 80 տոկոս օրենսդրական նախաձեռնությունները: «Ինչո՞ւ չպետք է գործարարները լինեն խորհրդարանում: Ի՞նչ է, համամասնական ցուցակով Դաշնակցությունը գործարար չի՞ անցկացրել, ի՞նչ անուններ ասե՞մ. բոլորդ գիտեք… Քաղաքական թիմը որոշում է կայացնում` բիզնեսի ներկայացուցիչներին տանե՞լ խորհրդարան, թե՞ ոչ: Բայց մեծամասնականով ինչո՞ւ չառաջադրվեն գործարարներ»:
Նա չհամաձայնեց, որ մեծամասնականով ընտրված պատգամավորները պասիվ են՝ նկատելով, որ նույն խնդիրը առկա է նաև համամասնական ցուցակով անցածների դեպքում. «Եթե չեք ցանկանում, որ տվյալ անձը մտնի խորհրդարան, նա կարող է մտնել համամասնական ցուցակով` ո՞նց եք նրա մուտքը ԱԺ խոչընդոտելու, ինչպե՞ս եք սահմանափակելու: Չեք կարող, չէ՞: Ձևի համար ասում եք` մեծամասնականը վատ է… »,- նշեց Վ.Այվազյանը:
Անդրադառնալով քաղաքական կյանքի վերադասավորումներին՝ նա նշեց, որ անակնկալներ չեն լինի. «Կոալիցիոն կառավարությունը առկա է, կոալիցիոն քաղաքական ուժերը միմյանց ռևերանսներ են անելու… Մայիսի ընտրություններից հետո վստահ եմ, որ ՀՀԿ-ն ֆավորիտ կլինի: Գործունեությամբ, գործընկերներով, ներքին ուժով, անցած ուղիով, համոզվածությամբ ՀՀԿ-ն մեծ ներուժ ունի: ՀՀԿ-ն ներկայացված է Հայաստանի ողջ տարածքում, ամեն անկյունում»: Նա նշեց, որ Դաշնակցությունն էլ, ՀԱԿ-ն էլ կանցնեն խորհրդարան:
Ըստ նրա՝ իհարկե, ՀՀԿ-ն ունի նաև բացթողումներ՝ որպես իշխող կուսակցություն, բայց նաև արած գործ ունի, մյուսների նման իրենց գործունեությունը չեն սրբագրում ու ասում, թե անսխալական են:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու փաստին՝ Վ. Այվազյանն ասաց, թե ՀՀԿ-ն խանդով չի վերաբերվում այդ փաստին։ «Լուրջ վտանգ չենք տեսնում, ինչո՞ւ պետք է խանդենք: Աստված իրենց հետ: Կգան խորհրդարան՝ կտեսնենք, դրսից այնքան հեշտ է ասել… Խորհրդարանը ամենօրյա քրտնաջան աշխատանք է»,- նկատեց նա:










































