Microsoft ընկերությունը հայտարարել է, որ Windows 8 տարբերակում փոխում է իր տարբերանշանը: Այս մասին ասվում է Windows-ի պաշտոնական բլոգում:
Կարմիր, դեղին, կանաչ և կապույտ քառակուսիներից բաղկացած ավանդական տարբերանշանը կփոխարինվի միատոն երկնագույնով: Նոր տարբերանշանն ընկերության համար մշակել է Pentagram գործակալությունը: Բլոգում հաղորդվում է, որ գործակալությունը փորձել է տարբերանշանը նմանեցնել պատուհանի (Windows թարգմանաբար նշանակում է պատուհան) և ոչ թե դրոշի:
Տարբերանշանի փոփոխությունը պայմանավորված է օպերտացիոն համակարգում տեղ գտած մեծ թվով փոփոխություններով: Նոր ՕՀ-ի միջոցով Microsoft-ը փորձում է առաջատար դիրքեր զբաղեցնել պլանշետների շուկայում: Նոր ՕՀ-ի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 29-ին:
Windows օպերացիոն համակարգը գործարկվել է 1985 թ.՝ Mac օպերազցիոն համակարգից մեկ տարի անց: Windows-ի նոր տարբերանշանը հիշեցնում է ավելի շուտ հենց առաջին տարբերանշանը՝ կապույտ պատուհանով: Windows-ի առաջին բազմագույն տարբերանշանը ի հայտ է ելել 1990 թ.՝ Windows 3.0 տարբերակում:









































